Միգրացիան աշխարհում՝ միտումները և ուղղությունները
Միջազգային միգրացիայի աճի միտումները համաշխարհային հանրությանը մտահոգող խնդիրներից մեկն է դարձել: Գլոբալիզացիան, ժողովրդագրական աճը, զարգացող և զարգացած երկրների կենսամակարդակների անհավասարությունը, այլ բազմաթիվ քաղաքական և սոցիալ-տնտեսական գործոններ նպաստում են ամբողջ աշխարհում միգրացիոն գործընթացների անընդհատ աճին: Միգրացիան ոչ միայն յուրաքանչյուր անհատի խնդիրն է, այլ հավաքական խնդիր է, որն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս հսկայական չափով ազդեցություն ունի թե´ միգրանտների ծագման երկրների, թե´ նրանց ընդունող երկրների վրա: Հիշեցնենք, որ միջազգային միգրացիան դա անհատների կամ խմբերի մշտական բնակավայրի փոփոխության գործընթաց է, որն արտահայտվում է այլ երկիր տեղափոխման ձևով։ Միգրանտը, դա մշտական կամ ժամանակավոր բնակության նպատակով մի երկրից այլ երկիր տեղափոխված անձն է։ Բոլոր երկրներն էլ հանդիսանում են միջազգային միգրացիայի ծագման, տրանզիտի և վերջնական հանգրվանի տարածքներ, այդ պատճառով բոլոր երկրներն էլ առնչվում են այս երևույթի դրական և բացասական հետևանքներին:
Եվ այսպես, 2013թ.-ին միջազգային միգրանտների թիվը կազմել է 231,5 մլն. մարդ կամ աշխարհի բնակչության 3,2 %-ը (International Migration Report-2013, UN Department of Economic and Social Affairs): Աճի միտումները պատկերացնելու համար նշենք, որ 1990թ.-ին միգրանտների թիվը աշխարհում կազմել է 154 մլն., իսկ 2000թ.-ին այն կազմել է 175 մլն. միգրանտ, այսինքն 23 տարվա ընթացքում միգրացիայի ծավալը աճել է մոտ 50%-ով: Հետճգնաժամային տարիներին միգրացիայի աճի տեմպերը մի փոքր դանդաղել են, եթե 2010-2013 թ.-ին տարեկան միջին աճը կազմել է 1,6%, ապա 2000-2010 թվականների ընթացքում այն կազմել է 2,3%: Մեծանում է միգրացիոն հոսքերի դիվերսիֆիկացիան թե´ ըստ հանգրվան երկրների, թե´ ըստ ծագման երկրների, ինչպես նաև միգրացիայի որոշ տեսակներ որակական փոփոխությունների են ենթարկվում: Ավելանում են առավել որակավորված միգրանտների և ուսանողների քանակը: Միաժամանակ աճում են նաև անօրինական միգրացիայի ծավալները և փախստականների քանակը: Կարելի է ասել, որ միջազգային միգրացիայի ամենահիմնական պատճառները դրանք սոցիալ-տնտեսական բնույթ են կրում, որոնց հաջորդում են այլ պատճառները՝ ռազմական, քաղաքական և այլն:
Զարգացած երկրներում կամ պայմանականորեն Հյուսիսում, որի մեջ ընդգրկվում են Միացյալ Նահանգները, Կանադան, Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան և Նոր Զելանդիան, բնակվում են միգրանտների 59 %-ը կամ 135.6 միլիոն միգրանտ, իսկ զարգացող երկրներում (կամ Հարավում)՝ 41%-ը կամ 95.9 մլն.-ը: Միգրանտների ամենամեծ քանակը կենտրոնացված է Եվրոպայում է 72,4 մլն, ապա Ասիայում՝ 70,8 մլն. և Հյուսիսային Ամերիկայում՝ 53.1 մլն: Ըստ հանգրվան երկրների միգրանտները բաշխված են հիմնականում 10 երկրներում՝ ԱՄՆ-ում բնակվում է 45,8 մլն. միգրանտ, ապա հաջորդում է Ռուսաստանը՝ 11 մլն., Գերմանիան՝ 9,8 մլն., Սաուդյան Արաբիան՝ 9,1 մլն., Արաբական Միացյալ Էմիրաթները՝ 7,8 մլն., ՄԵծ Բրիտանիան՝ 7,8 մլն., Ֆրանսիան՝ 7,4 մլն., Կանադան՝ 7,3 մլն., Ավստրալիան՝ 6,5 մլն., Իսպանիան՝ 6,5 մլն.: Զարգացած երկրներից էմիգրանտները կազմում են՝ 29,1%-ը կամ 67,5 մլն. մարդ, իսկ զարգացող երկրներից՝ 70,9% կամ 164 մլն. մարդ: Ամենախոշոր միգրանտների խմբերը Ասիայից են 92,6 մլն., Եվրոպայից՝ 58,5 մլն., Լատինական Ամերիկայից՝ 36,7 մլն. և Աֆրիկայից՝ 30,9 մլն.: Տարեկան կտրվածքով ամենամեծ զուտ իմիգրացիա ունեցող երկրներն են՝ ԱՄՆ-ը, Իսպանիան, Էմիրաթները, Ռուսաստանը, Իտալիան, իսկ ամենամեծ զուտ էմիգրացիա ունեցող երկրներն են՝ Բանգլադեշը, Մեքսիկան, Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը և այլն:
Ըստ միգրացիայի խնդիրներով զբաղվող միջազգային կազմակերպությունների միգրացիոն հոսքերը, սովորաբար տրվում են Հյուսիս-Հյուսիս (ինչպես օրինակ՝ Գերմանիայից դեպի ԱՄՆ), Հյուսիս-Հարավ (օրինակ՝ Պորտուգալիայից դեպի Բրազիլիա), Հարավ-Հարավ (օրինակ՝ Բանգլադեշից դեպի Բութան), Հարավ-Հյուսիս (օրինակ՝ Թուրքիայից դեպի Գերմանիա) սխեմաներով: Այստեղ գերիշխում են Հարավ-Հյուսիս՝ 40%, Հարավ-Հարավ՝ 33% հոսքերը (World Migration Report, 2013, International Organization of Migration):
Եթե աֆրիկացի միգրանտները հիմնականում նախապատվությունը տալիս են աֆրիկյան այլ երկրներին (օրինակ մեծ է միգրացիան Սոմալիից դեպի Քենիա, կամ Զիմբաբվեյից դեպի Հարավաֆրիկյան Հանրապետություն) և եվրոպական երկրներին (օրինակ Ալժիրից դեպի Ֆրանսիա), ապա ասիացի միգրանտների համար նախապատվելի են նախևառաջ ասիական երկրները (օրինակ Չինաստանից դեպի Հարավային Կորեա, Բիրմայից դեպի Թաիլանդ), ինչպես նաև եվրոպական երկրները (օրինակ Պակիստանից դեպի Մեծ Բրիտանիա) և Հյուսիսային Ամերիկա (օրինակ Վիետնամից դեպի ԱՄՆ): Եվրոպացի միգրանտները նախապատվություն տալիս են Եվրոպայի ներսում գտնվող այլ երկրներին (Ռումինիայից դեպի Իտալիա, կամ Լեհաստանից դեպի Մեծ Բրիտանիա կամ Շվեդիա), ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի երկրներին, իսկ լատինամերիկացիները նախընտրում են հիմնականում Հյուսիսային Ամերիկան (օրինակ մեծ է հոսքը Մեքսիկայից դեպի ԱՄՆ): Բավականին փոքր է միգրացիան Հյուսիսային Ամերիկայի երկրներից՝ Կանադայից և ԱՄՆ-ից հոսքերը (4,3 մլն.) դեպի այլ տարածաշրջաններ, այն էլ հիմնականում դեպի եվրոպական և լատինաամերիկյան երկրներ:
Ամենամեծ քանակով էմիգրանտներ ապահովող երկրներն են՝ Մեքսիկան, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Բանգլադեշը: Հնդիկների համար նախապատվելի երկրներն են ԱՄՆ-ը, Կանադան, Սաուդյան Արաբիան, Էմիրաթները, Մեծ Բրիտանիան, իսկ չինացիների համար՝ ԱՄՆ-ը, Կանադան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Սինգապուրը և Ավստրալիան: ԱՄՆ-ում միգրացիայի արդյունքում տարեկան մեկ միլիոն մարդ է ավելանում, որտեղ զգալի մաս են կազմում մեքսիկացիները: Եվրամիությունում խիստ սահմանափակումների պատճառով անօրինական միգրացիայի ծավալներն են մեծանում, ինչպես նաև փախստականների քանակը: Արագ աճում է Ասիայում միգրանտների քանակը, հատկապես Մալազիայում, Սինգապուրում, Թաիլանդում, ինչպես նաև Արևմտյան Ասիայի զարգացած նավթագազարդյունաբերություն ունեցող երկրներում՝ Սաուդյան Արաբիայում, Կատարում և Էմիրաթներում: Հայաստանցի միգրանտների համար ամենանախընտրելի երկրներն են՝ Ռուսաստանը, Ուկրաինան և Միացյալ Նահանգները: Դեպի Ռուսաստան հիմնականում գաղթում են ուկրաինացիները, ղազախները, բելառուսները, ուզբեկները, տաջիկները, ադրբեջանցիները, հայերը, մոլդովացիները, վրացիները:
Բնականաբար միգրացիայի աճի արդյունքում ավելանում են նաև դրամական փոխանցումները՝ դրանք 2013թ.-ին կազմել են՝ մոտ 550 մլրդ. ամերիկյան դոլար, իսկ 2012 թ.-ին այն կազմել է 519 մլրդ. դոլար (Migration and Development Brief 2013, World Bank): Դրամական փոխանցումների մեծ մասը ուղղվում է դեպի Հնդկաստան` 71 մլրդ. դոլար, Չինաստան` 60 մլրդ. դոլար, Ֆիլիպիններ՝ 26 մլրդ. դոլար, Մեքսիկա՝ 22 մլրդ. դոլար, Նիգերիա՝ 21 մլրդ. դոլար, Եգիպտոսը՝ 20 մլրդ. դոլար: Մեծ գումարներ են հոսում նաև դեպի Պակիստանը, Բանգլադեշ, Վիետնամ և Ուկրաինա:
Ամփոփելով նշենք, որ միջազգային միգրացիան կարող է և´ նպաստել ծագման և ընդունող երկրների զարգացմանը, այնպես էլ այն կարող է իրենից ներկայացնել լուրջ վտանգ, ինչպես Հայաստանի դեպքում, երբ դրա տեմպերը ներկայումս հասել են խիստ անհանգստացնող մակարդակի: Ընդհանրապես, անընդհատ աճող միգրացիայի ծավալները լուրջ ազդեցություն են ունենալու բոլոր երկրների բնակչության քանակի և կազմի վրա՝ դառնալով լուրջ գործոն գլոբալ և տարածաշրջանային գործընթացների վրա:
Սարգիս Մանուկյան
Կարդացեք նաև`
Ինչպիսի՞ն են գլոբալ աղքատության միտումները
Վտանգավո՞ր է արդյոք կապիտալի արտահոսքը զարգացող երկրներից
Ներդրումների դինամիկան աշխարհում աճի միտումներ է ցուցաբերում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան