Վիետնամը և Չինաստանը պայքարում են Հարավ-չինական ծովի նավթագազային ռեսուրսների համար
Վիետնամի արտգործնախարար Ֆամ Բին Մինը հայտարարել է, որ իր երկիրը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի Հարավ-չինական ծովում սեփական շահերը պաշտպանելու համար և մեղադրել է Չինաստանին միջազգային նորմերի ու Վիետնամի ինքնիշխանությունը ոտնահարելու համար:
Ֆամ Բին Մինը պահանջել է Չինաստանից դադարեցնել նավթի արդյունահանումը վիճելի Պարասելյան կղզիների տարածքում և այդ հարցի շուրջ բանակցություններ սկսել: Պաշտոնական Հանոյը կարծում է, որ չինական նավթային աշտարակը տեղադրված է Վիետնամի ափերից 220 կմ հեռավորության վրա՝Վիետնամի տնտեսական գոտու շրջանակներում:
Իր հերթին Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը արձագանքելով Վիետնամի կոշտ հայտարարությանը նշել է, որ նավթի արդյունահանումը Հարավ-չինական ծովում օրինական է և կոչ արել Վիետնամին դադարեցնել խոչընդոտել չինական կողմին նավթ արդյունահանել այդ շրջանում:
Նրա խոսքերով, Չինաստանը նավթ է արդյունահանում իր տարածքային ջրերում:
Չինաստանի և Վիետնամի միջև Հարավ-չինական ծովում գտնվող Պարասելյան և Սփրաթլի կղզիների պատկանելիության շուրջ հակասությունները հարյուրամյա պատմություն ունեն: 19-րդ դարից սկսած կողմերը իրենց են վերագրում կղզիների պատկանելիությունը:
1938թ.-ին կղզիները օկուպացվել էին Ֆրանսիայի կողմից, ում գաղութն էլ հանդիսացել է Վիետնամը: 1970-ական թթ.-ին կղզիները գտնվում էին Հարավային Վիետնամի վերահսկողության տակ, սակայն Չինաստանը 1974թ.-ին ծանր մարտերից հետո գրավել է այդ կղզիները:
Վիետնամա-չինական մեկ այլ հակասություն առնչվում է Սփրաթլի կղզիներին, որոնց պատկանելիության շուրջ հակամարտությանը միացել են նաև Թայվանը, Մալազիան, Ֆիլիպինները և Բրունեյը: Պարասելյան և Սփրաթլի կղզիների ջրերը հարուստ են նավթով և գազով, բացի այդ, ռազմական տեսանկյունից նրանք նույնպես կարևոր են:
Չնայած երկկողմ հարաբերություններում այս օրերին նկատվող առավել ակտիվ լարվածությանը Չինաստանը և Վիետնամը փորձում են կառուցել փոխշահավետ հարաբերություններ հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում:
Վիետնամի առևտրային հիմնական գործընկերների թվում առաջատար տեղն է զբաղեցնում Չինաստանը, որին հաջորդում են ԱՄՆ-ը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Թայվանը և Թայլանդը:
2013թ.-ի տվյալներով, Վիետնամից Չինաստան արտահանումը կազմել է 13.1 միլիարդ դոլար: Վիետնամը նաև մեծ քանակությամբ ապրանքներ է ներկրում Չինաստանից: Նախորդ տարի Վիետնամը Չինաստանից ներկրկել է 36.8 միլիարդ դոլարի ապրանք:
Վիետնամը և Չինաստանը Հանոյում կայացած տնտեսական համաժողովի ընթացքում պայմանավորվել են մինչև 2015թ.-ը երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 60 միլիարդ դոլարի:
Տնտեսական համագործակցությանը զուգահեռ բավականին ակտիվ են բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները: 2013թ.-ի հունիսին Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը Պեկինում հանդիպել է Վիետնամի նախագահ Չուոնգ Տան Սանգի հետ: Չինաստանը առաջնորդը կոչ է արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը և հասնել կոնսենսուսի բոլոր հարցերում: Սի Ձինպինը հանդիպման ընթացքում անդրադառնալով Հարավ-չինական ծովում առկա տարածքային վեճերին նշել էր, որ պետք է պահպանել տարածաշրջանում կայունությունը և չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են ընդլայնել վեճի ծավալները:
Իր հերթին Չուոնգ Տան Սանգը հայտարարել էր, որ բոլոր առկա խնդիրները պետք է լուծել բարեկամական բանակցությունների միջոցով և հավելել, որ Վիետնամը Չինաստանի հետ միասին պահպանելու է խաղաղությունը Հարավ-չինական ծովում:
Արտյոմ Բալասանով
Նախորդող հրապարակումներ՝
Հնդկաստանին թուլացնելու նպատակով Պեկինը սերտացնում է կապերը Պակիստանի հետ
Չին-ճապոնական պատերազմի դեպքում ԱՄՆ-ն կպաշտպանի Տոկիոյին
Ճապոնա-չինական հարաբերությունները կրկին սրվել են Յասուկունի տաճարի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան