Շնորհակալ եմ առաջին հերթին ժողովրդի վերաբերմունքից. Միքայել Պողոսյան
«Ժողովրդի և երկրի ղեկավարների միության, միաբանության արդյունքում ես այսօր ստացա այս պարգևը»,-Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, թատերական արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար ՀՀ նախագահի հրամանագրով ժողովրդական արտիստի պատվավոր կոչման արժանանալուց հետո լրագրողներին ասաց դերասան Միքայել Պողոսյանը:
«Շնորհակալ եմ առաջին հերթին ժողովրդի վերավերմունքից, որը վերջիվերջո նկատեցին նաև բարձրաստիճան ղեկավարները»,- նշեց դերասանը՝ հավելելով, որ երբ որ գործդ արժանավույնս գնահատվում է, դա ավելի է պարտավորեցնող է:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, գեղարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար նկարիչ Արև Պետրոսյանին շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչում:
«Արվեստագետներս ինչ- որ տեղ մեր երկրի դեսպաններ ենք աշխարհում: Նման պատվի արժանանալը, կոչում ստանալը կամ երբ նկատում ես, որ քո աշխատանքը գնահատված է, կեցվածքդ շատ ավելի հպարտ է, շատ ավելի մեծ ու կարևոր է ստացվում գործդ»,- ասաց նա:
Նկարչուհու խոսքով, հենց անկախության օրը նման պարգևի արժանանալն էլ ավելի տպավորիչ է, կրկանի տոն է:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանին շնորհվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
«Ուրախ եմ, որ այսօր իմ երեխաներն անկախությանը «այո» կամ «ոչ» ասելու ընտրության առաջ կանգնած չեն, քանի որ անկախությունն արդեն փաստ է, բացարձակ արժեք է»,- ասաց Ա. Ամիրյանը:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս մատուցած նշանակալի ծառայությունների համար թիվ 66828 զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
«Զինվորականի համար նման պարգևը պատիվ է, փառք, պատասխանատվություն և պարտավովածություն»,- ասաց Վ. Ավետիսյանը:
Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաև այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ:
Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պարգևները: Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
Ազգային և հոգևոր արժեքների պահպանման, զարգացման և տարածման գործում ներդրած բացառիկ ավանդի համար Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդին պարգևատրվեց Պատվո շքանշանով:
Հայապահպանության գործում ունեցած մեծ վաստակի, սփյուռքում հոգևոր արժեքների պահպանման, զարգացման և տարածման գործում ներդրած բացառիկ ավանդի համար Տանն Կիլիկիո Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքը հետմահու պարգևատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Նախորդող հրապարակումներ՝
Էռնա Յուզբաշյանն այսօր երգել չի ցանկանում
Արթուր Ալեքսանյան. Աշխարհի չեմպիոն դառնալը դժվար է, իսկ այդ տիտղոսը պահելը՝ էլ ավելի դժվար
Սերժ Սարգսյան. Չեմ կասկածում, որ բոլոր նվիրյալների ժամանակն էլ գալու է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան