Մեր քաղաքում երբեք նման մասշտաբի փառատոն չի կայացել. Աբովյանի թատրոնի տնօրեն
«Վերջին երկու-երեք տարիների ընթացքում մարզային թատրոններում բավականին լուրջ առաջընթաց կա: Դա նկատելի է նաև Աբովյան քաղաքի թատրոնում»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Աբովյանում հոկտեմբերի 5-11-ը կանցկացվի փառատոն՝ նվիրված Աբովյան քաղաքի տոնին (1963թ.-ին հիմնադրված քաղաքի տոնը նշվում է հոկտեմբերի կեսերին՝ սկսած 2000թ.-ից): Փառատոնի շրջանակում կցուցադրվի 10 ներկայացում` Երևանի և Աբովյանի թատրոնների մասնակցությամբ. Գ. Խանջյան «Որբերի ընտանիքը» (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), Կ. Խոդիկյան «Սիրային քառանկյունի» (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն), Ա. Սիմոնյան «44 աստիճանի վրա» (Պետական Համազգային թատրոն), Է. Շմիդտ «Ամնեզիա» (Կամերային թատրոն),Վ. Ստեփանյան «Բրեմենի երաժիշտները» (Պատանի հանդիսատեսի թատրոն), Վ. Հաուֆ «Փոքրիկ մուկը» (Աբովյանի տիկնիկային թատրոն),Հ. Թումանյան «Անխելք մարդը» (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն),Հ. Ֆիգեյրեդու «Եզովպոս» (Աբովյանի թատրոն), Ի.Յադով «Ես և դու» (Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան դրամատիկական թատրոն):
Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա հոկտեմբերի 5-ին՝ Աբովյանի թատրոնին կից հրապարակում` Երևանի մնջախաղի պետական թատրոնի մասնակցությամբ:
Հ. Ղազանչյանն ասաց, որ փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն:
Աբովյան քաղաքի թատրոնի տնօրեն Արմեն Կարապետյանն ասաց, որ իրենց քաղաքում երբեք նման մեծ մասշտաբի փառատոն չի կայացել:
«Անցած տարի Աբովյանի թատրոնը երկարամյա ընդմիջումից հետո պետական գրանցում ստացավ, ունի հաստիքներ: Մշակույթի տան շենքը տրված է թատրոնին: Այս թատրոնի հետ կարելի է հույս կապել»,-ասաց Հ. Ղազանչյանը:
Նշենք, որ փառատոնի ընթացքում ներկայացումների մուտքն անվճար է: Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի թատերական գործիչների միությունը, Աբովյանի քաղաքապետարանը:
Ասուլիսին ներկա Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանն ասաց, որ քաղաքի տոնին նվիրված այլ միջոցառումներ ևս անցկացվելու են:
Ըստ նրա, Աբովյանում պետք է ակտիվացնել մշակութային կյանքը, իրականացնում և իրականացնելու են տարբեր մշակութային ծրագրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան