Բնական է, որ կան խախտումներ, բայց այդ ահազանգերը գոնե այս պահին չեն կարող ստվերել հանրաքվեի ընթացքը. Արծվիկ Մինասյան
«Արձանագրենք, որ հանրաքվեն կայացավ թե ցուցանիշների տեսակետից, թե հանրաքվեին մասնակցության առումով»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած ասուլիսում ասաց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքերով՝ ակնկալել, որ ամեն ինչ իդեալական կամ գերհարթ կլիներ, առնվազն միամիտ պետք է լինել:
«Բնական է, որ կան խախտումներ, եղել են նաև տարբեր ահազանգեր, բայց չեմ կարծում, որ այդ ահազանգերը գոնե այս պահին կարող են ստվերել ընդհանուր հանրաքվեի ընթացքը և կոպիտ ձևով անդրադառնան հանրաքվեի օրինականության վրա»,-նշեց Ա.Մինասյանը:
Պատգամավորը խորհուրդ տվեց, որպեսզի թե Ընտրական օրենսգրքով նախատեսված կարգով, թե «Հանրաքվեի մասին» օրենքի պահանջներին համապատասխան, բոլոր խախտումները, որոնք արձանագրել են մասնակիցները, վստահված անձինք, հանձնաժողովների անդամները, դիտորդները, օրենքով նախատեսված կարգով ընթացք տան: «Ամեն դեպքում, չեմ ստացել այնպիսի տեղեկատվություն, որը կարող է կասկածի տակ դնել որևէ տեղամասում հանրաքվեի արդյունքները, ավելին՝ այս պահի դրությամբ ունեմ փոքր բնակավայրերի որոշակի արդյունքներ»,- ասաց Ա. Մինասյանը և ներկայացնելով իր ունեցած տվյալներն՝ ասաց, որ օրինակ՝ Արմավիրի մարզի Շենիկ համայնքում հանրաքվեին մասնակցությունը եղել է մոտ 65 տոկոս: Ըստ նրա՝ 690 ընտրողից մասնակցել են 438-ը , որից 419-ը «Այո» են քվեարկել, 16-ը՝ «Ոչ», անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ:
Նշվեց նաև, որ Արագածոտնի մարզի Ոսկեթաս համայնքում մասնակցությունը եղել է 86 տոկոս:
Ա.Մինասյանը նաև նշեց, որ չի եղել որևէ համապետական ընտրություն, որի մասնակցության ցուցանիշը ցածր լինի:
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին