Ամերիաբանկի հետ պայմանագրի կնքումը պատմական գործարք է ՎԶԵԲ-ի համար. Ն.Թեսեյման
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 40 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման նպատակով: Այս գործարքը հանդիսանում է բաժնետոմսերի ձեռքբերման խոշորագույն գործարք, որը մինչ օրս ստորագրվել է ՎԶԵԲ-ի կողմից այս տարածաշրջանում: Այս մասին Ամերիաբանկի և ՎԶԵԲ –ի միջև միջև պայմանագրի կնքումից հետո ասաց Ամերիաբանկի Տնօրենների խոչհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը:
Առաջին փուլում ՎԶԵԲ-ը ձեռք կբերի բաժնետոմսերի մոտ 20 տոկոսը 30 մլն ԱՄՆ դոլարով: Մնացած 10 մլն ԱՄՆ դոլարը կօգտագործվի կապիտալի հետագա ավելացման համար:
Ներդրումների նպատակն է ամրապնդել «Ամերիաբանկը» և պատրաստել այն նախնական հրապարակային առաջարկին (IPO) ապագայում: 2016թ. «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդին կմիանա ՎԶԵԲ-ը ներկայացնող անկախ տնօրեն:
Հնարավոր լիստինգից առաջ ՎԶԵԲ-ի ներդրումները կսատարեն «Ամերիաբանկի» աճը՝ տրամադրելով լրացուցիչ ֆինանսական միջոցներ խոշոր կորպորատիվ և մասնավոր հաճախորդների, փոքր և միջին ձեռնարկությունների և մանրածախ հաճախորդների վարկավորման համար: Տնտեսության իրական հատվածի վարկավորման աճը կնպաստի Հայաստանի տնտեսական աճի ամրապնդմանը:
«Պատմական գործարք է ՎԶԵԲ-ի համար: Ամերիաբանկի հետ երկար տարիներ ենք աշխատում: Ամեն անգամ չափազանց տպավորված ենք եղել: Սակայն սա ամենամեծ մարտահրավերն է, քանի որ սա այն է, ինչ որ մենք ասում ենք փոխակերպման գործարք: Ներդրում է, որ եթե գործի, ինչպես պլանավում ու ակնկալում ենք, պետք է փոխակերպի ամբողջ հայկական բանկային համակարգը»,- պայմանագրի ստորագրումից հետո ասաց ՎԶԲ-ի գործադիր տնօրեն ֆինանսական հաստատությունների գծով Նիք Թեսեյմանը:
Նա նշեց, որ ամբողջովին վստահ են բանկի ղեկավարության, բաժնետերերի, ներդրողների հանդեպ. «Վստահ եմ, որ կկարողանանք հաջողության հասնել առաջիկա հինգ տարիների աշխատանքի արդյունքում»:
Այսօր Ամերիաբանկը պայմանագիր կնքեց նաև Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ, որը 50 միլիոն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառություն է տրամադրել Հայաստանում խոշորագույն բանկը հանդիսացող «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին՝ վերջինիս կապիտալը ավելացնելու, երկրի տնտեսվարող սուբյեկտների վարկավորման հնարավորությունները և ֆինանսավորման հասանելիությունը ընդլայնելու, տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով:
Երկարաժամկետ կապիտալ տրամադրելով՝ IFC-ն նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանի բանկային ոլորտի կայունությունը և օժանդակել Ամերիաբանկի՝ իր արժեքավոր գործընկերոջ ռազմավարական նպատակների իրագործմանը: Հաշվի առնելով Ամերիաբանկի կորպորատիվ կառավարման համակարգի բարձր որակը ու աճի արագընթաց տեմպերը՝ IFC-ի կողմից տրամադրված ստորադաս փոխառությունը կնպաստի բանկի զարգացմանը և թույլ կտա նախապատրաստվել նախնական հրապարակային առաջարկին (IPO):
Պայմանագրի ստորագրումից հետո IFC Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելման ասաց. «Հիացած ենք, որ ունենք բանկի հետ համագործակցելու այս հնարավորությունը: Բանկի հետ արդեն վեց տարի ենք աշխատում:
Կապիտալ տրամադրելով Հայաստանում մեր հիմնական գործընկեր բանկերից մեկին՝ մենք սատար ենք կանգնում նրա զարգացման ռազմավարության և հեռանկարային ծրագրերի իրականացմանը: Այս գործակցությունը Հայաստանի բանկային հատվածի կայունությանը բարձրացմանն ուղղված մեր նախաձեռնություններից է, որը ընդհանուր տնտեսական զարգացման համար վճռորոշ նշանակություն ունի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան