ՊՆ-ն իր թերությունները, մահվան դեպքերը չի սրբագրում հակառակորդի ակտիվությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Հասարակական կազմակերպությունների ու պաշտպանության նախարարության հապարակած տվյալները 2015 թվականին բանակում մահացության դեպքերի քանակի վերաբերյալ միմյանցից տարբերվում են. Իրավապաշտպանների տվյալներով, բանակում 2015-ին մահացել է 76 զինծառայող, իսկ ՊՆ տվյալներով, այդ թիվը 57-ն է:
Այսօր «Մեդիա կենտրոն»-ում պաշտոնականին այլընտրանքային վիճակագրությունը ներկայացնելիս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ 2014-ին այդ թիվը եղել է 46: Նրա տվյալներով, 2015-ին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհերի թիվը կազմել է 41:
«2013-ից հետո ունենք բավական մտահոգիչ իրավիճակ, երբ բանակում մահացության դինամիկան կտրուկ մեծանում է», -հավելեց Սաքունցը:
Ասուլիսին ներկա Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պնդեց պաշտոնական տվյալները և հայտարարեց. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ծառայության հետ անմիջական կապ չունեցող դեպքերը պետք չէ դիտարկել ծառայության ժամանակ եղած զոհերի հետ: Ես ամեն անգամ խնդրում եմ մասնագիտորեն նայել իրավիճակին»:
Նրա խոսքով, հնարավոր է` որոշ դեպքերում իրավական քննության արդյունքում այլ վերաորակումներ լինեն:
«Որևէ մեկին թող չթվա, որ հակառակորդի ակտիվությամբ պաշտպանության նախարարությունը փորձում է սրբագրել իր թերությունները, սխալները: Նման բան չկա և լինել չի կարող: Այո հակառակորդի գործողություններով են թելադրված բոլոր 57 մահերը` ուղղակի կամ անուղղակի», -հավելեց Հովհաննիսյանը:
Նա համաձայնեց Սաքունցի հայտարարության հետ, թե 2013-ից մահվան դեպքերի կտրուկ աճ կա և նաև ասաց, որ հենց այդ ժամանակից էլ հակառակորդը ակտիվանում է և 2015-ին անգամ հրետանի գործի դրեց:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը