Ծնողները մտահոգված են, որ պատվաստված երեխաներին կրկին պատվաստման են կանչում
Հայաստանցի ծնողներն անհանգստացած են: Պոլիոմելիտի դեմ պլանային պատվաստումներ անցած երեխաներին կրկին պոլիկլինիկա են հրավիրում՝ նույն պատվաստանյութով պատվաստումը կրկնելու համար: Ու էական չէ, թե որքան ժամանակ է անցել վերջին պատվաստումից: Կանչում են 2-6 տարեկան երեխաների, այն պարագայում, երբ 1.5 տարեկանում երեխաներն արդեն այդ հիվանդության դեմ պատվաստում ստանում են: Հաջորդ պատվաստումը, ըստ ժամանակացույցի, վեց տարեկանում պետք է լինի:
Ծնողների մտահոգությունների, անհասկանալի հարցերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է ԱՆ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ:
-Ինչո՞ւ են արդեն պատվաստված երեխաներին կանչում պատվաստվելու:
-Դա պոլիոմելիտի վերացման գլոբալ քաղաքականությունից է բխում: Այսինքն, կան մի շարք միջոցառումներ, որոնք ողջ աշխարհում են արվում, միայն Հայաստանում չէ: Առաջին հերթին պատվաստանյութ է փոխվում: Բերանային կաթեցվող պատվաստանյութը, որն այսօր մեր երկրում կիրառվում է, պոլիոմելիտի երեք տեսակների դեմ է՝ 1-ին, 2-րդ, 3-րդ: 2-րդ տեսակի դեմ բաղադրիչը պատվաստանյութից հանվելու է: Նույն արտադրողն է լինելու, սակայն բաղադրության մեջ փոփոխություն է լինելու՝ 2-րդ տեսակի դեմ բաղադրիչն այլևս չի լինելու, եռավալենտը դառնալու է երկվալենտ: Պոլիկլինիկաներից կանչում են լրացուցիչ մեկ դեղաչափի համար, որպեսզի ամրապնդվի երեխայի իմունիտետը հենց երկրորդ տիպի նկատմամբ:
-Ինչո՞ւ է փոխվում պատվաստանյութի բաղադրությունը:
-1999 թվականից պոլիոմիելիտի 2-րդ տիպով հարուցված դեպքեր չեն գրանցվել, սակայն չի բացառվում, որ կարող է շրջանառությունը վերստին սկսվել: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այլևս չի լինի այդ վիրուսը:
-Այդ դեպքում ինչո՞ւ որոշեցին պատվաստանյութից այդ բաղադրիչը հանել:
-Որպեսզի արհեստական կերպով չնպաստեն տվյալ վիրուսի շրջանառության վերսկսմանը, պատվաստանյութի բաղադրության մեջ մտնող 2-րդ ենթատեսակը, որը կարող է փոփոխության ենթարկվել, ախտածնություն է ձեռք բերել, հիվանդություն առաջացնել, որոշվեց հանել: Եթե չի գրանցվում, ապա անհրաժեշտություն չկա արհեստականորեն նպաստել վիրուսի մուտացիային, քանի որ պատվաստանյութը կենդանի վիրուսն է՝ թուլացված վիճակում: Դրան զուգահեռ որոշվեց ակտիվորեն իրականացնել համախմբված միջոցառումներ, որպեսզի վճռական ճանապարհով վերացնեն պոլիոմելիտը, ինչպես եղավ ծաղիկ հիվանդության դեպքում: Աշխարհը շատ վճռական է տրամադրված և պլանավորված է մինչև 2020 թվականը աշխարհը հայտարարել պոլիոմիելիտից ազատ:
Առաջին փուլը, պատվաստանյութի փոփոխությունն է, այսինքն, բոլոր այն երկրներում, որտեղ կենդանի պատվաստանյութ են կիրառում, պետք է աստիճանաբար անցում կատարվի ինակտիվացված /ներարկվող/ պատվաստանյութին: Դրանով պատվաստում կկատարվի միայն հունիսից և միայն 6 ամսական երեխաներին, ովքեր երեք անգամ արդեն պատվաստվել են եռավալենտ պատվաստանյութով:
-Ինչպե՞ս է որոշվում, թե ովքեր պետք է կրկին պատվաստվեն:
-Այն համայնքներում, որտեղ ցածր է եղել պատվաստման ցուցանիշը, պոլիոմելիտի պատվաստման նպատակային ցուցանիշը պետք է լինի 95 տոկոս, կիրականցվեն պատվաստումներ: Ցուցանիշը հիմնականում ցածր է Երևանում, Դիլիջանում: Եթե մարզերում եղել է հիմնականում 99 տոկոս, ապա Երևանում՝ 92-93 տոկոս, առավելագույնը 95 տոկոս, դրանից ավել չի եղել: Հետևաբար, պատվաստման կանչվում են 2-6 տարեկան երեխաները, ու միայն այն համայնքներում, որտեղ պատվաստման ցածր ցուցանիշներ են գրանցվել:
-Ինչո՞վ եք պայմանավորում դա:
-Հստակ չեմ կարող ասել, միգուցե հենց համացանցի հասանելության բարձր մակարդակով, որովհետև ես էլ հետևում էի քննարկումներին, օգտատերերի մեծ մասը Երևանից են, նման բացասական վերաբերմունքը մարդկանց կասկածի մեջ է գցում: Այն մարդը, ով կանոնավոր ստացել է բոլոր պատվաստումները, նման գրառումներից հետո մտահոգվում է՝ ճի՞շտ եմ արել, թե՞ ոչ: Մեր մասնագետներն էլ մասնակցում են այդ քննարկումներին, ներկայացնում պարզաբանումներ:
-Եթե երեխան մինչև մեկ ու կես տարեկան կանոնավոր ստացել է բոլոր պատվաստումները, այսինքն՝ պոլիոմելիտի դեմ վերջին պատվաստումը եղել է մի քանի ամիս առաջ, 2 տարեկանում պատվաստելու դեպքում բարդություններ չե՞ն առաջանա:
-Դրա իմաստը համաճարակաբանական օրինաչափությունն է: Շատերը հենց այդպես էլ ասում են, կանչեք պատվաստման նրանց, ովքեր չեն պատվաստվել կամ թերի են պատվաստվել: Տվյալ դեպքում համայնքի շրջանակում լիարժեք անվտանգություն չի ապահովվի: Հավանականությունը շատ քիչ է, բայց երբեք չենք ասում երբեք, վիրուսը տվյալ համայնքում շրջանառվի, անգամ պատվաստված երեխան կարող է խոցելի լինել:
Ինչո՞ւ, որովհետև եթե որևէ մեկն ասի, որ պատվաստանյութը հարյուր տոկոսանոց արդյունք է ապահովում, չհավատաք: Դա պայմանավորված է և պատվաստման, և երեխայի օրգանիզմի առանձնահատկություններով:
Ինչ վերաբերում է հնարավոր բարդություններին, ապա պատվաստանյութերի հաջորդական դեղաչափերի միջև առնվազն պետք է պահել մեկ ամիս: Եթե պատվաստումը եղել է մեկ ամիս առաջ, հաստատ երեխային չեն կանչի: Մենք ո՞նց վերացրեցինք պոլիոմելիտը Հայաստանում: Երեխա կար, որ 12 փուլով պատվաստում էր ստանում, փուլերի միջև մեկ ամիս ինտերվալ էր լինում: Նրա մոտ ոչ մի խնդիր չէր առաջանում: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ դա սրսկումով պատվաստում չէ, որ ջերմային ռեակցիա առաջանա, սա կաթիլ է, այս պարագայում ռեակցիաները գրեթե բացակայում են: Մենք տարեկան 40 հազար երեխա ենք պատվաստել, մենք պոլիոմելիտի պատվաստումներից հետո ոչինչ չենք նկատել: Ավելին ասեմ, բոլոր պատվաստումներից հրաժարվող ծնողները բերում են պոլիոմելիտի պատվաստման:
Սա այն վակցինան է, որ գրեթե հակացուցումներ չունի: Բոլոր պատվաստանյութերի դեպքում բարձր ջերմությունը, քթահոսությունը հակացուցված է: Պոլիոմելիտի պատվաստման պարագայում քթահոսությունն առանց ջերմության հակացուցում չէ: Սա այն դեպքն է, երբ կարող եմ ասել, որ 99 տոկոսով որևէ բարդություն չի առաջանում:
-Այս պահին ի՞նչ քանակությամբ պատվաստանյութ կա հանրապետությունում: Կարծիք կա, որ ավելացած պատվաստանյութից ցանկանում եք ազատվել, դրա համար էլ արտահերթ պատվաստումներ են իրականացվում:
-Մենք այս պահին շատ պատվաստանյութ չունենք: Հնարավոր է, ինչ-որ էտապ մենք նույնիսկ պատվաստանյութ չունենանք, որովհետև ամբողջ աշխարհում պատվաստանյութի փոփոխությունը միևնույն օրն է տեղի ունենալու: Օրը կամրագրվի առողջապահության նախարարի հրամանով: Այնպես չի, որ մենք լիքը պատվաստանյութ ունենք, ձեռքը կրակն ենք ընկել, ես ծանոթ եմ մտահոգություններին, բայց այդպես չէ, սրանք դեռ 2014-ից պլանավորված միջոցառումներ են: Եվ երբ 2015-ի մարտին պատվաստանյութ էինք գնում, արդեն գիտեինք այս միջոցառումների մասին: Այս պահին մոտավորապես 90 հազար երեխա պատվաստում կստանա, բայց այս թիվը կարող է փոփոխվել, կապված միգրացիայի ու այլ գործոնների հետ:
Հ.Գ.-Ուզում ենք շեշտել, որ panorama.am-ը ամենևին որևէ քարոզ չի անում՝ ոչ պատվաստվելու, ոչ չպատվաստվելու։ Սակայն նկատենք, որ պատասխանները կարդալուց հետո հարցեր, այնուամենայնիվ, մնացին.
Եթե կան չպատվաստված երեխաներ, ապա, փաստացի, ինչու են կանչում արդեն պատվաստվածներին։
Եթե որևէ «հարևան» երկրում նկատվել է հիվանդության դեպք ու անհրաժեշտություն են տեսնում ՀՀ-ում լրացուցիչ պատվաստման ու եթե դա այդքան հրատապ է՝ չնայած հիվանդ ունեցող երկրից կիլո-կիլոմետրավոր հեռավորության, ապա ինչու են ոչ բոլոր պոլիկլինիկաներից կանչում. երկրից երկիր վտանգը կա, մի քաղաքի ներսում չկա՞։
Եթե իրոք կա վտանգ վարակի, ապա, բացի պատվաստելուց, ինչու հանրորեն բացատրություններ չեն տարվում, թե ինչպես պիտի պաշտպանվել, որ երկրներից հեռու մնալ...։ Ինչպես օրինակ արվեց խոզի գրիպի ժամանակ, ճիշտ է՝ շատ ուշացած։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայի փորձագետները խոստովանում են` երկրում իմունիզացիայի ծրագիրը թույլ է
- Մեղավոր եք
- ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ «ԳԼԽԱՎՈՐ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՆՈՐ ԵՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼԻՍ. ԿՊԱՏԺՎԵ՞Ն ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան