Կայացավ «Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան տեսահոլովակի պրեմիերան
Հայաստանը «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում ներկայանալու է «LoveWave» երգով, որի տեսահոլովակի պրեմիերան կայացավ քիչ առաջ: Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը, Հայաստանի Հանրային հեռուստաընեկրության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, եվրատեսիլյան բեմից միջազգային երաժշտասեր հանրությանը կներկայանա գերզգացմունքային ստեղծագործությամբ:
Հանրային հեռուստաընկերության կողմից ներկայացվող «LoveWave» երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: Երգի հիմքում երգչուհու ապրումներն են ու զգացմունքները:
«Ես ցանկացա երգել այն զգացմունքի մասին, որը ճանաչում ենք, գիտենք, զգում ենք ու դրանով ենք ապրում կամ՝ գուցե առանց դրա չենք ապրում: Ցանկացա երգել անկեղծ էմոցիայի մասին, զգացողության, որ անհանգստացնում է, ապրեցնում և հուզում»,- ասում է Իվետա Մուկուչյանը:
Մրցութային երգի տեսահոլովակը Հայաստանի հանրային հեռուստաընկերության և գերմանական «Blacksheep communications»-ի համատեղ արտադրությունն է:
Տեսահոլովակում գործողությունների փոխարեն ապրումներ են, ստանդարտ սյուժեի փոխարեն՝ խճճված ներաշխարհ: Էկրանից այն կողմ իրականությունն է՝ լուսանկարի ճշգրտությամբ, աբստրակտ պատկերի խորությամբ:
Իրականացվել են մակրոնկարահանումներ, որոնք թույլ են տալիս պատկերացնել սիրո քիմիան, որը տարածվում է ամբողջ մարմնով՝ խորհրդանշելով սիրո զարգացումն ու անկումը: Հերոսների զգացումները, միացումն ու բաժանումը արտացոլված է գրաֆիկական հետաքրքիր լուծումներով:
Տեսահոլովակում Իվետա Մուկուչյանի զուգընկերը շվեդ հայտնի մոդել, դերասան Բեն Դահլհաուսն է, ով համագործակցում է աշխարհահռչակ ապրանքանիշերի հետ և հանդիսանում դրանց գովազդային դեմքը:
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթը կայանալու է մայիսի 10-14-ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք): Հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլում, որը կկայանա մայիսի 10-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան