Թուրքիայում ձերբակալում են Zaman թերթի նախկին խմբագրին
Ստամբուլի դատարանը ընդդիմադիր Zaman թերթի նախկին խմբագիր Էկրեմ Դումանլիին ձերբակալելու թույլտվություն է տվել: Հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Ինչպես նշվում է, խմբագրի դեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու և զրպարտելու մեղադրանքներ են ներկայացվել: Թերթի անգլալեզու տարբերակի նախկին խմբագիր Բյուլենթ Քենեշը, ում դեմ նույնպես գործ է հարուցված, հերքել է դատարանի կողմից Դումանլիի դեմ ներկայացված մեղադրանքները, դրանք որակելով, որպես «սխալների հավաքածու»:
Վերջինս նշել է, որ նյութը, որի շուրջ ծավալվել են իրադարձությունները, գրվել է Թուրքիայի կառավարական օղակներում ծածկանունով հանդես եկող հայտնի ինֆորմատոր Փաութ Ավնիի հրապարակումների հիման վրա, որոնք նա արել է Թվիթերի իր միկրոբլոգում:
Դումանլիի նկատմամբ մեղադրանքները ներկայացվել էին նախորդ տարվա նոյեմբերին, համաձայն որոնց խմբագիրը, ղեկավարելով ահաբեկչական կազմակերպություն, նպատակ է ունեցել Թուրքիայում հեղաշրջում իրականացնել և տապալել Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Համանման մեղադրանքներ Դումանլիի նկատմամբ առաջադրվել էին նաև 2014 թվականի դեկտեմբերին: Այդ անգամ էլ թուրքական իշխանությունները թերթի խմբագրին մեղադրում էին ընդդիմադիր գործիչ Ֆեթուլա Գյուլենի կողմից ղեկավարվող և Թուրքիայի ստվերային կառավարություն անվանումը ստացած շարժման անդամ լինելու մեջ:
Ընդդիմադիր թերթի նկատմամբ Թուրքիայի իշխանությունների կողմից սկսված բռնաճնշումների արդյունքում թերթը դադարելու է հրատարակվել Թուրքիայում և ամենայն հավանականությամբ, կսկսի հրատարակվել Գերմանիայում: Այս մասին հայտարարել է թերթի գերմաներեն հրատարակության պատասխանատու խմբագիրը:
Ընդդիմադիր թերթի դեմ սկսված բռնաճնշումների վերաբերյալ նախօրեին իր մտահոգությունն էր հայտնել նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյուրբերգ Յագլանդը՝ նշելով, որ մամուլի իրավիճակը Թուրքիայում խորը անհանգստություն է առաջացնում և Zaman թերթի հետ տեղի ունեցածը ընդամենը օրինակների մեկն է:
Ավելի վաղ Zaman թերթը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի, նախագահի մանդատը ստանալուց ի վեր Թուրքիայում Էրդողանին վիրավորելու համար պատկան մարմինները քաղաքացիների դեմ հարուցել են ավելի քան 1845 գործ: Բոլոր դեպքերում գործել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը, որ սահմանում է մեկից մինչև չորս տարվա ազատազրկում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան