ՔԿՀ-ներում սննդի, հանդերձանքի, դեղորայքի գնման և տնօրինման գործընթացներում խնդիրներ կան. հետազոտություն
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում քրեակատարողական հիմնարկներում կամ ազատազրկված անձանց պահման գործընթացի ժամանակ առկա է պետական բյուջեի՝ որպես քաղաքականության փաստաթուղթ և դրանից բխող կառավարման ոչ արդյունավետ համակարգ: Լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը:
Ըստ նրա, կառավարման ոչ արդյունավետ համակարգը հանգեցնում է նրան, որ ազատազրկված անձանց իրավունքները խախտվում են:
Նշենք, որ ՀԿ-ն 2015 թվականին հետազոտություն է իրականացրել, որի նպատակն է եղել գնահատել ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը պետության կողմից մշակվող և իրականացվող քաղաքականության արդյունավետության և դրան համապատասխան ֆինանսական հատկացումների տեսանկյունից: Այսօր կայացավ հետազոտության հիման վրա պատրաստված «Մարդու իրավունքների բյուջետավորումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» զեկույցի շնորհանդես-քննարկմանը, որի ներկա էին տարբեր ՀԿ-ների, նաև ֆինանսների, արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ:
«Մեր նպատակն է վեր հանել անարդյունավետ կառավարման խնդիրը, իրավասու անձանց հետ քննարկումներ ծավալելու միջոցով հասնել նրան, որ պահպանվեն միջազգային պարտավորությունները, ազատազրկված անձանց իրավունքները պաշտպանվեն ողջ ծավալով»,- նշեց Հ. Հարությունյանը:
Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են այն բոլոր փաստաթղթերը, որոնցում առկա են քրեակատարողական հիմնարկների ֆինանսավորման վերաբերյալ տեղեկություններ, նաև քրեակատարողական հիմնարկներում անձանց պահման վերաբերյալ չափորոշիչներ սահմանվող փաստաթղթեր՝ միջազգային, ներպետական, համեմատել ներպետական իրավական ակտերի հետ:
«Առանձնապես աչքի են ընկնում ապրանքների, մասնավորապես սննդի, հանդերձանքի, դեղորայքի գնման և տնօրինման գործընթացներում խնդիրները»,- ընդգծեց Հ.Հարությունյանը:
Նա նշեց, որ սննդի համար Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ստանդարտները ներպետական օրենսդրության մեջ համարժեքորեն ապահովված չեն, այսինքն՝ պետական բյուջեի հատկացումներն ի սկզբանե անում են ոչ այդ ստանդարտներին համապատասխան: Երկրորդ, ըստ նրա, խնդիրներ են առաջանում նաև գնումների գործընթացում, որը, մասնավորապես, իրականացվում է մեկ անձի կամ նույն կազմակերպության կողմից:
«Արդյունքում բացահայտվել է, որ գնումների գործընթացում իրականացվում է մի շարք ապրանքների ձեռքբերում, որի նկատմամբ որակական հսկողություն չի գործում: Բացի այդ, այն չափաբաժինը, որ պետք է ստանա ազատազրկված անձը՝ ըստ սահմանված չափորոշիչի, և վերջնական արդյունքում ստացած չափաբաժինը չի համապատասխանում իրար»,- նշեց նա:
Ըստ Հ. Հարությունյանի, որակական և քանակական առումով խնդիրներ են հայտնաբերել հացամթերքի, մսի, հյութի, յուղի և մնացած այլ ապրանքատեսակներում: Բացի այդ, նրա խոսքով, ճաշացանկում նշված են լինում որոշակի մթերքների անունների, որոնք, ազատազրկված անձանց խոսքով, տարվա ընթացքում ընդհանրապես չեն ստացել կամ շատ քիչ:
«Իրավական փաստաթուղթը սահմանում է՝ թարմ միս, որքան և ինչ հաճախականությամբ պետք է տրվի: Բյուջեն դիտարկում ենք և պարզում, որ բյուջեով հատկացված գումարը բավական է միայն մսի պահածո ձեռք բերելուն: Նույնը նաև թարմ ձկի մասով: Նույնիսկ այս պարագայում քանակությունը չի պահպանվում»,- ասաց նա:
Հետազոտության արդյունքում նաև դեղորայքի առումով են խնդիրներ արձանագրվել. «Համեմատելով գնված դեղորայքը և փաստացի այն հիվանդությունների ցանկի, որը մեզ տրամադրվել է քրեակատարողական վարչությունից, պարզում ենք, որ անհամապատասխանելիություն կա: Ձեռք են բերում այնպիսի դեղորայք, որոնց նպատակային նշանակությունն այլ է: Մեծ քանակությամբ ձեռք է բերվում ցավազրկող դեղորայք»:
ՀԿ նախագահը նաև հավելեց, խնդիրը նրանում է, որ ՔԿՀ-ների կողմից նպատակային բուժսպասարկում չի իրականացվում, առաջին և հիմնական դեղամիջոցը, որ տրամադրվում է ազատարկված անձին առողջական որևէ խնդրի դեպքում, ցավազրկող միջոցն է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան