Թալիշը Արցախի դարպասն է և պետք է ամեն ինչ անենք, որ Արցախի դարպասը կանգուն լինի. Թալշցիների կոչը համայն հայությանը
«Թալիշում գրեթե ոչինչ չկա, գյուղն ահավոր վիճակում է, համարյա կանգուն տուն չկա, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում, մենք վերադառնալու ենք Թալիշ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մելիտա Խալափյանը:
ԼՂՀ հակամարտության գոտու հյուսիսարևելյան հատվածում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում առավելագույնը տուժած բնակավայրերից են Թալիշը, Մադաղիսը և Տոնաշենը, որոնց բնակիչները տարհանվել են և տեղափոխվել Արցախի ավելի անվտանգ գյուղեր կամ Հայաստան: Մելիտա Խալափյանը նշեց, որ Թալիշի 550 ազգաբնակչությունից ապրիլի 2-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել շուրջը 300-ը, որոնցից 90-ը երեխաներ են, 30-ը տարեցներ:
Թշնամու արկակոծության հետևանքով ընտանքիները կորցրել են ամեն ինչ և այժմ կարիք ունեն համայն հայության ինչպես ֆինասնասական, այնպես էլ հոգեբանական աջակցության:
«Մենք կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանն աջակցել հնարավոր միջոցներով, որպեսզի Թալիշը նորից վերականգնվի, քանի որ Թալիշը հնարավոր չէ միայն զենքով պահպանել»,- ասաց Մ. Խալափյանը` հավելելով, որ Թալիշը ժամանակին շեն բնակավայր էր, որը կարողանում էր տարեկան 2000 տոննա հացամթերք ու 4000 տոննա խաղողի բերք ապահովել:
«Թալիշը Արցախի դարպասն է, եթե այդ դարպասի բանալին այսօր թողնենք, մենք այլևս չենք կարող պայքարել նրա համար: Ուստի բոլորին խնդրում եմ օգնել ամեն ինչով, որպեսզի Թալիշը ոտքի կանգնի և Արցախի դարպասը կանգուն լինի: Թալիշը համայն հայության վերքն է և այն պետք է բուժել»,- ասաց Մելիտա Խալափյանը:
Անցած 20-22 տարիների ընթացքում Թալիշը կարողացել էր վերականգնվել, շենանալ, սակայն թշնամին կրկին փորձեց ավերել գյուղը:
«Այո, մենք երկրորդ անգամ բռնագաղթեցինք Թալիշից, բայց մենք հետ ենք վերադառնալու»,- ասացին ասուլիսին մասնակցող այլ թալիշցիներ:
«Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Վովա Բաբուրյանը նշեց, որ գյուղում ապրում է 137 ընտանիք 550 բնակչով: Գյուղի հիմնական դպրոցում սովորում է 105 աշակերտ, ուսանողների թիվը հասնում է 10-ի, իսկ մանկապարտեզի տարիքի երեխաների թիվը 35 է:
Վովա Բաբուրյանն ասաց, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամու հրետակոծությունից հետո միայն կանայք, երեխաներն ու ծերերն են ժամանավորապես տեղափոխվել այլ վայրեր, իսկ տղամարդիկ գյուղում են և չեն պատրաստվում լքել իրենց բնակավայրը. նրանք զինվորների հետ պաշտպանում են Թալիշը:
Ասուլիսին ներկա էր Թալիշում ադրբեջանցիների կողմից դաժանաբար սպանված Խալափյանների թոռը՝ 12-ամյա Վարդանը: Նա առաջին անգամ է Երևանում, սակայն ուշքն ու միտքը գյուղն է, հարազատներին պարբերաբար հարցնում է գյուղի, իր տան ու դպրոցի մասին: Վարդանն ասաց, որ չի վախենում և ցանկանում է վերադառնալ իր տուն:
Թալիշի դպրոցի տնօրեն Տանյա Մեժունցն էլ նշեց, որ տարհանվելուց հետո ապրիլի 6-ին վերադարձել է գյուղ և տեսել, որ այն ամբողջությամբ ավերված է: Փորձել է մնալ գյուղում, բայց նրան թույլ չեն տվել:
«Իհարկե վերադառնալու ենք, բայց մեր խնդրանքն է հնարավորությունների սահմաններում աջակից լինել թալիշցիներին, որպեսզի կարողանանք վերադառնալ ու նորից շենացնել մեր բնակավայրը»,- ասաց նա: