Վելայաթի. Հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները հրահրվեցին արտաքին ուժերի կողմից
«Իրանը Ռուսաստանի օգնությամբ կարող է տարածաշրջանում խաղաղություն հաստատել»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթին:
Իրանի նախկին արտգործնախարարը, անդրադառնալով վերջին օրերին Արցախի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններին, մասնավորապես նշել է. «Մենք անհանգստացած ենք, որ մեր երկու հարևան երկրների միջև բախումներ սկսվեցին, նախկինում խաղաղություն հաստատելու նպատակով կողմերի հետ բանակցություններ ենք ունեցել, և, եթե խնդիր կա, ապա այն պետք է լուծվի բանակցությունների միջոցով»:
Ալի Աքբար Վելայաթին, անդրադառնալով արտաքին ուժերի միջամտությանը, նկատել է. «Զինված գործողությունները հրահրվեցին դրսից, Հայաստանն ու Ադրբեջանը չեն գնացել այդ քայլին, քանի որ ռազմական գործողությունները սկսելուց երեք օր անց հրադադար հաստատվեց»:
Շարունակելով խոսքը՝ ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդականը հավելել է. «Երբ որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները Սիրիայում և Իրաքում պարտություն կրեցին, իսկ մյուս կողմից, երբ Կովկասից մի քանի հազար մարդ գնաց Սիրիա և անդամագրվեց «Իսլամական պետությանը», կարելի է ենթադրել, որ նրանք ցանկանում էին Ռուսաստանի հարավային սահմանների մոտակայքում նոր բախումներ հրահրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը դրական քայլեր է ձեռնարկել հօգուտ Սիրիայի իշխանությունների»:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործում Իրանի միջնորդական առաքելության հավանականությանը՝ Ալի Աքբար Վելայաթին հավելել է. «Ղարաբաղյան հակամարտությունն անպայման պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, բարեբախտաբար Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնություն տվեցին հրադադարի հաստատմանը. Եթե կողմերն ընդունեն Իրանի միջնորդությունը, ապա Ռուսաստանի աջակցությամբ հնարավոր կլինի տարածաշրջանում խաղաղություն հաստատել»:
Հիշեցնենք, որ Իրանն առաջին երկիրն էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում 1992թ. միջնորդական առաքելություն է իրականացրել: Այդ տարիներին ԻԻՀ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի նախաձեռնությամբ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ղեկավարների հետ կայացած բանակցություններին մասնակցել է նաև արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան