Ղարաբաղյան հակամարտությունը խիստ վտանգավոր է ԱՄՆ-ի համար, որպեսզի անտեսված լինի. Մեթյու Բրայզա
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան ղարաբաղյան հակամարտության սրացման թեմայով Washington Post-ում հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է հրադադարի վերահաստատման գործում Մոսկվայի ակտիվ դերակատարությանը և Վաշինգտոնի խիստ պասիվությանը:
«Արևմտյան առաջնորդները կոչ արեցին դադարեցնել բռնությունները և ակտիվացնել հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացը, և ոչ ավելին: Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սկսեց վճռականորեն գործել` նպաստելով Ռուսաստանի միջազգային հեղինակության ամրապնդմանը և Հայաստանին ու Ադրբեջանին Արևմուտքի ազդեցության գոտուց դուրս բերելուն», - գրել է Բրայզան:
Նախկին դեսպանը նշում է, որ ինքն ապշած է ղարաբաղյան հակամարտության հարցով վերջին օրերին Վաշինգտոնի և Մոսկվայի միջև համագործակցության բացակայությունից:
Ըստ Բրայզայի` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները շահ չունեին տեղի ունեցած աննախադեպ սրացումներում: Ըստ հեղինակի` հայերը և ադրբեջանցիները կասկածներ ունեն, որ այս բախումը հրահրվել է դրսի ուժերի կողմից:
«Ամեն դեպքում Պուտինը ստեղծված իրավիճակը շահագործում է ինտենսիվ դիվանագիտության շնորհիվ, մինչդեռ Օբաման ոչ մի համարժեք հետաքրքրվածություն չի դրսևորում: Սպիտակ տունը նույնիսկ պաշտոնական հայտարարություն ի վիճակի չեղավ տարածել: Միևնույն ժամանակ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունն անարձագանք մնաց, քանի որ այն չէր համապատասխանում աննախադեպ իրադարձությունների էությանը: Դրան հակառակ Պուտինը խորհրդակցություն անցկացրեց Ալիևի և Սարգսյանի հետ, իսկ Ռուսաստանի արտաքին և պաշտպանության նախարարներն ակտիվորեն շփվում էին Երևանի և Բաքվի իրենց գործընկերների հետ», - գրում է հեղինակը:
Ըստ Մեթյու Բրայզայի` նման գործելաոճով Ռուսաստանը նախ վերականգնում է իր միջազգային հեղինակությունը, և երկրորդը` Հայաստանի և Ադրբեջանի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը միայնակ դադարեցնում է Հարավային Կովկասում տեղի ունեցող փոխհրաձգությունները:
«Այս եղանակով Ադրբեջանին և Հայաստանին Արևմուտքից հեռացնելով Պուտինը նոր հիմքեր է ստեղծում ապագա ճգնաժամերի համար, մինչդեռ Վաշինգտոնը մնում է դիտորդի դերում», - եզրափակել է Բրայզան: