Ընտրական օրենսգրքի նախագծով առաջարկվող նոր փոփոխությունները
Ընտրական օրենսգրքի նախագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբն իր առջև նպատակ էր դրել մեխանիզմների միջոցով ապահովել ընտրական գործընթացների թափանցիկություն, վերահսկելիություն: Այդ մասին այսօր ԸՕ նախագծի վերաբերյալ Ժողովրդավարության Ազգային Պլատֆորմի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց օրինագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նշենք, որ քննարկմանը ներկա էին նաև ԸՕ նախագծի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկումների մասնակիցները՝ քաղհասարակությունից փաստաբան Տիգրան Եգորյանը և ընդդիմությունից ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Հարությունյանը տեղեկացրեց, որ նախագծի շուրջ «լայն շրջանակով» քննարկումներ են տեղի ունեցել, ու օրինագիծը անընդհատ թարմացվում, փոփոխվում է:
Այսպես, առաջիկա օրերին ԱԺ ներկայացվող ԸՕ նախագծով, իշխանությունն առաջարկում է հրաժարվել քվեաթերթիկները և ծրարները հատուկ հաշվառման փաստաթուղթ համարելուց:
«Բազմաթիվ կարծիքներ էին շրջանառվում, լուրեր, ասեկոսեներ, թե տպված են բազմաթիվ կեղծ քվեաթերթիկներ և այլն, այդ ամենը մենք փորձեցինք պարզեցնել: Մենք որոշեցինք հրաժարվել նաև գունավոր քվեաթերթիկներից ևս, և առաջին ընթերցմամբ առաջարկվող նախագծում գունավոր քվեարթեիկների հարցը հանվել է», -ներկայացրեց Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ ԱԺ ներկայացվելիք նախագծով, իրենք առաջարկում են նոր ծրարներ, որի անկյուններից մեկը կտրված է և բացի այդ, ներմուծվում են ինքնասոսնձվող դրոշմանիշներ, որոնք համարվում են «հատուկ հաշվառման փաստաթղթեր»: Յուրաքանչյուր տեղամաս ունենալու է իրեն հատուկ դրոշմանիշը, որը, ինչպես Հարությունյանն ասաց, պաշտպանված է լինելու: Ասենք՝ դրոշմանիշի վրա գրված է լինելու «ԱԺ 2017» և ընտրատեղամասի թիվը:
Ներկայացնելով քվեարկության բուն գործընթացը, պաշտոնյան տեղեկացրեց, որ առաջարկվող նախագծով, քվեաթերթիկը դրվում է ծրարում, քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը վերցնում է քաղաքացու քվեարկության կտրոնը, որը նա ստանում է էլեկտրոնային համակարգով գրանցման ժամանակ: Կտրոնի դիմաց հանձնաժողովի անդամը ինքնասոսնձվող դրոշմանիշը ծրարի բացվածքի միջոցով փակցնում է քվեաթերթիկի վրա:
«Եթե քվեաթերթիկի վրա չկա դրոշմանիշ, ապա այդ քվեաթերթիկը ոչինչ է, սովորական թուղթ: Վավեր քվեաթերթիկը պետք է ունենա դրոշմանիշ: Կարևորն այն է, որ քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը, որը ստացել է ասենք՝ 100 դրոշմանիշ, օրվա վերջում պետք է կամ 100 հատ դրոշմանիշ վերադարձնի կամ մասնակցի քվեակտրոն կամ երկուսը միասին:
Բայց պարտադիր պետք է 100 հատ ներկայացնի: Եթե նա 100 հատ չկարողացավ ներկայացնել, ապա մենք օրենքով ամրագրում ենք, որ օրենքի ուժով համապատասխան արձանագրություն պետք է կազմվի և ուղարկի իրավապահ մարմիններ: Ի դեպ, նույնը վերաբերում է հանձնաժողովի նախագահին, որն ի սկզբանե ստանում է այդ տեղամասի համար նախատեսված քանակի դրոշմանիշները:
Եթե նա ստանում է 1000 հատ, ապա պետք է ցույց տա, թե քանի հատ կտրոն ունի դրա դիմաց և քանի հատ դրոշմանիշ ու դրանց ընդհանուր թիվը դարձյալ պետք է լինի 1000: Եթե կորցնում է կամ թիվը չի համապատասխանում նախնական թվին, ապա գործն ուղարկվում է իրավապահ մարմիններին», -նոր փոփոխությունը ներկայացրեց Դավիթ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է կտրոններին, ապա պաշտոնյայի փոխանցմամբ, քվեարկության մասնակցին էլեկտրոնային համակարգով գրանցման դեպքում կտրոն տրվելու է այն դեպքում, երբ քաղաքացին առաջին անգամ է մուտք գործում ընտրատեղամաս և երբ նրա անունը գրանցված է ընտրողների ցուցակում:
«Կտրոնները ձեռքով չեն լրացվում այլ տպվում են սարքի միջոցով: Հենց սրանք են այն երկու կարևորագույն նորամուծությունները, որոնք, վստահ ենք, կմտցնեն էական փոփոխություն՝ հնարավորություն ընձեռելով վերահսկել ողջ գործընթացը», -նկատեց Հարությունյանը:
Էլեկտրոնային սարքի նկատմամբ վստահությունն ապահովելու համար, այն կենթարկվի տեխնիկական աուդիտի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան