«Հովհաննեսս հաղթեց». 36 օր կյանքի համար պայքարող զինվորն ապաքինվում է
Թալիշում ծանր վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանը վերակենդնացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:
«Կենաց-մահու պայքարում Հովհաննեսս հաղթեց, մեր աղոթքները տեղ հասան: Թեև բժիշկները ապրելու զրո տոկոս հավանականություն էին տվել, բայց տղաս ապրեց, Հովիկս ուժեղ է, մենք այս փորձությունն էլ հաղթահարեցինք»,- ասում է Հովհաննեսի մայրը:
Մոր խոսքերից հետո Հովհաննեսը գլխով է անում ու, կարծես թե, հաստատում նրա խոսքերը՝ ինքն ուժեղ է ու հաղթող:
1995թ. ծնված Հովհաննես Պողոսյանը հրազենային ծանր վիրավորում է ստացել մայիսի 13-ին: Նա ստացել է գանգուղեղի հրազենային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝ Երևան:
Հովհաննես մայրը՝ Գայանե Ասատրյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ որդուն ծանր վիճակում Երևան են տեղափոխել մայիսի 15-ին. «Երեխայիս վիճակը շատ ծանր է եղել, փառք Աստծո, այսօր արդեն լավ է: 36 օր հետո տեղափոխել ենք հիվանդասենյակ: Շնորհակալ եմ բոլոր բժիշկներին, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի փրկեն տղայիս կյանքը»:
Հովհաննեսն արդեն մեկ շաբաթ է բժշկական մերսմուներ է ստանում: Նրա աջ կողմն ամբողջությամբ թույլ է եղել, սակայն մերսումների արդյունքում արդեն երեք օր է շարժում է ոտքն ու ձեռքը:
«Տղայիս վիճակի մեջ ամեն օր դրական փոփոխություն է նկատվում»,- ասում է տիկին Գայանեն:
Հովհաննեսին մերսումներ անում է Դավիթ Արսենյանը: Նա ևս վստահեցնում է, որ դրական դինամիկա կա:
«Մերսումներ, բուժական ֆիզկուլտուրա ենք անում, արդեն ամբողջությամբ զգում է ոտքն ու ձեռքը, խոսակցականն էլ ահագին բացվել է, իսկ կարևորը՝ հաղորդակցություն կա, իրար հասկանում ենք: Արդեն նստում է, երեկ կանգնել է, կարծում եմ, որ քայլելն էլ կստացվի»,- ասում է Դավիթ Արսենյանը:
Հովհաննեսի մայրն էլ հույս ունի, որ տղան քայլելու է. «Վերևն Աստված կա, հույս ունեմ, որ Հովհաննեսիս այստեղից քայլելով տուն կտանեմ»:
Հարակից հրապարակումներ`
- Կարծում ենք, որ Հովհաննեսն այս դժվար վիճակից դուրս կգա. Հոսպիտալի պետ
- Միայն թող խաղաղություն լինի. զինվորները հիշում են ապրիլյան պատերազմը
- Անպայման պետք է քայլեմ. գլխի բեկորային վիրավորում ստացած զինվորը չի հուսահատվում
- Ոտքը պատերազմում թողած զինվորի ծրագրերն ու մտահոգությունները
- Այս պահին Հովհաննես Պողոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ 6 զինծառայողի վիճակը՝ կայուն ծանր
- Արցախում վիրավորված Հովհաննեսը կոմայից դեռ դուրս չի եկել. Արամ Ասատուրյան
- Երկրորդ անգամ վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է
- Արցախում վիրավորված Հովհաննես Պողոսյանին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է. Զորիկ Սաղյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան