Բարի մաման
«Մամ, հիվանդանոցում երեխա են թողել, առավոտ պիտի գնամ»: Մարինայի մայրն արդեն գիտի անելիքը: Տանը հավաքված շորերից ջոկջկում է տարիքին ու սեռին համապատասխան տոտիկները, շապիկները, օրվա որ ժամին էլ լինի՝ լվանում: Արդուկելը 80-ամյա տատիկի գործն է:Առավոտյան լքված փոքրիկին այցելում են բարի մամաները՝ տանելով առաջին անհրաժեշտության պարագաններ՝ տակդիր, ուտելիք, հագուստ…
«Մեր պարանից նորածնի շորերը չեն պակասում»,-Panorama.am-ի հետ զրույցում ժպիտով ասում է Մարինայի մայրը:
«Արսենի համար լավ նորություններ կլինեն», «Հովհաննեսին անհրաժեշտ գիշերանոթը գտանք», «Սիսիան գյուղի վեց երեխաների ուտելիքի հարցը լուծեցինք», «Բարի ամառ»-ի գումարը հավաքվեց», ««Բարի տնակ»-ն արդեն իրականություն է», «Մանկատան 15 սաներ կկարողանան գնալ Մանկական երկաթուղի»…
2016թ. հուլիս, Աղվերան, «Բարի ամառ»: Մանկատան, մանկատնից տուն վերադարձած և հաշմանդամություն ունեցող երեխաներն իրենց մայրիկների հետ:
Մարինա Ադուլյանի օրն անցնում է հաշմանդամություն ունեցող, լքված, ընտանիք վերադարձած, սոցիալական վատ պայմաններում ապրող երեխաների խնդիրներին տեղեկանալով, դրանց մասին բարձրաձայնելով, դրական լուծման մասին ավետելով: Իսկ դրանց մեջտեղում լարված վազք է:
«Բարի մամա» հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրներից է Մարինան, ստեղծվեց 2014-ի վերջին: Ֆեյսբուքյան «Armenian Parents Corner» խմբում ծննդատանը գտնվող մայրիկներից մեկը կեսգիշերին մոտ տեղեկացրել էր, որ կողքի սենյակում առանց թաթիկների, առանց մեկ ոտքի ծնված երեխային ծնողները լքել են: Երեխան անընդհատ լացում է, տակդիր է պետք, հագուստ, կաթ:
Խմբի անդամ ծնողներից մի քանիսը հենց այդ գիշերը՝ ժամը 2-ին մոտ ծննդատուն են գնացել:
«Երկրորդ բալիկս նոր էր ծնվել: Հիշում եմ՝ ցուրտ օր էր: Գիշերով հիվանդանոցի պատերի տակ մի քանի մամաներով հավաքվեցինք, ով ինչ ուներ, բերել էր»,-պատմում է Մարինան:
Ծննդատան մոտ հավաքված ծնողներին արգելում են տեսնել երեխային, դա էլ նրանց օգնում է՝ արգելքը հաղթահարելու համար նոր ճանապարհներ փնտրել ու գտնել:
«Մեզ հետ մի մամա կար: Երբ չէին թողնում ներս մտնել ու երեխային տեսակցել, Նոնան հանպատրաստից ասաց՝ ես «Բարի մամա» միջազգային կազմակերպության նախագահն եմ: Ու մենք սկսեցինք մեզ կատակով բարի մամա ասել, հետո ամեն ինչ լրջացավ, այդ անունով ՀԿ հիմնեցինք»,-պատմում է «Բարի Մամա»-ի համահիմնադիրը:
Նույն օրերին բարիներն իմանում են, որ մեկ այլ ծննդատանն էլ արատով ծնված երեխային հարազատները թողել են: Աղջնակին էլ են սկսում հագուստ, կաթ, տակդիր հասցնել:
«Քանի որ PR մենեջեր էի աշխատում, որոշեցի երգիչ երգչուհիների մասնակցությամբ մի արշավ կազմակերպել: Շապիկներ պատվիրեցինք, դրանց վրա լքված փոքրիկ տղայի ու աղջնակի անունները գրեցինք՝ կոչ անելով, որ նրանց որդեգրեն կամ էլ ընտանիքները վերցնեն երեխաներին»,-ասում է Մարինան:
Հենց այդ արշավից հետո այդ տղայի մայրն իմանում է՝ որդին ողջ է, մինչ այդ գիտեր՝ մահացել է: Ծննդատնից մանկատուն տեղափոխված երեխային այցերն ու աջակցությունը չի ընդհատվում: Արդյունքում այսօր երկամյա տղան ծնողների հետ է ապրում:
«Ծնողներն ասում են՝ մենք ի՞նչ էինք անելու առանց նրա»,-ասում է Մարինան:
2014-ից մինչ այսօր կազմակերպության ու նրան անդամակցող մայրիկների հոգեբանական, նյութական, ֆինանսական օժանդակության շնորհիվ 27 լքված բալիկ վերադարձել է կենսաբանական ընտանիք, 14 երեխային լքելու փորձ կանխվել է:
«Տարեկան մոտավոր 70-80 դեպք է գրանցվում, երբ տարբեր խնդիրներով ծնված երեխաներին թողնում են հիվանդանոցներում»,-Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀԿ-ին տրամադրած տվյալներն է մեջբերում ՀԿ համահիմնադիրը:
Հիմնադրման պահին մի քանի տասնյակ ծնողներ էին անդամակցում, հիմա արդեն նրանց թիվն անցնում է մի քանի հազարը, ամեն օր 30-40 ծնող անդամակցում է կազմակերպությանն ու միանում նրանց ֆեյսբուքյան խմբի նախաձեռնություններին:
... Արսենի մայրը որոշել էր հղիությունն ընդհատել՝ առանց բժիշկների միջամտության: Սոցիալական վատ պայմաններում էին ապրում, ամուսինն առողջական խնդիրներ ուներ: Դեղերը խմելուց հետո մտածել էր՝ վերջ: Ավելի ուշ պարզվել էր, որ պտուղը տեղում է: Ըստ հետազոտությունների պատասխանների՝ երեխան առողջ էր, առանց խնդիրների:
«Արսենը ծնվում է ողնաշարի ու աճուկային ճողվածքներով, հետանցք չուներ ընդհանրապես, ոտքի խնդիր ուներ: Ծնողները վիրահատությունից հետո երեխային թողել էին վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկներն էլ պապային հորդորել էին, թե՝ այդ վիրահատություններն ինքուրույն չեք կարող անել, թողեք մանկատանը...»,-հիշում է Մարինան:
Հոր հրաժարվելու պահին տեղ են հասել բարիները: Օգնել են և օգնում են ընտանիքին հոգալու երեխայի բուժման ծախսերը, երեխան մի քանի վիրահատությունների է ենթարկվել, հիմա ոտքն են բուժում: 11 ամսական Արսենն այսօր մոր, հոր, եղբոր հետ Երևանում է ապրում՝ վարձած բնակարանում:
Մարինան ու Արսենը՝ հիվանդանոց գնալիս:
Մարինան վստահ է, որևէ ծնող չի ցանկանում երեխային լքել, դրան դրդում են սոցիալական վատ պայմանները, շատ դեպքերում բժիշկների սխալ խորհուրդներն ու հորդորները:
Երևանի պետական համալսարանում ռուսաց գրականություն ու հունարեն դասավանդող Մարինա Ադուլյանն իր ուսանողներին միշտ ասում է՝ արեք, այն ինչ ձեր սրտով է: Համալսարանում դժգոհում են՝ Մարինան գիտության մարդ է: Արդեն բանասիրական գիտությունների թեկնածու էր, երբ որոշեց բարությամբ զբաղվել: Ապրիլյան պատերազմի օրերին Մարինան մյուս մայրիկների հետ զոհված զինծառայողների հարազատների կողքին էր, օգնում էին՝ ինչով կարողանում էին:
Մարինան չի ցանկանում որ իրեն արածի համար շնորհակալություն հայտնեն: Հիշում է մի պատմություն. Հայրն ու տատը հրաժարվում էին տուն ընդունել հաշմանդամություն ունեցող բալիկին: Մարինան երեխայի մորն օգնում է Արցախ մեկնել: Հետո կինը զանգահարում է, ասում, որ իր կնունքի ոսկե խաչը թողել է Մարինայի մեքենայի մեջ՝ ի նշան շնորհակալության:
«Ես, իհարկե, տաքսի վարձեցի, խաչն ուղարկեցի հետ»,-ասում է Մարինա մաման:
31-ամյա Մարինան խոստովանում է, որ իր ձեռնարկած որևէ գործ հաջողությամբ չէր պսակվի, եթե կողքին չլինեին ամեն վայրկյան կողքին կանգնող ընտանիքի անդամներն ու հարազատները. «Իմ աշխատավարձով բալիկներիս համար ոչինչ չեմ առել՝ այն ամբողջությամբ «Բարի մամա»-ինն է: Ամուսինս մենեջեր է աշխատում: Ամեն պահ իմ կողքին է, մայրիկս, տատիկս… Երկու տարեկան աղջիկս էլ է նույնիսկ ինձ օգնում, երբ հանդիպումների ժամանակ լուռ նստում է, խաղում»:
«Բարի տնակ»-ում:
Հիմա նա մտածում է «Բարի տնակ»-ը «Բարի տուն»-ի վերածելու մասին: Գնումների դուրս եկած ծնողները երեխաներին կարող են թողնել «Բարի տնակ»-ի կամավորների հոգատար ձեռքերում, վճարի չափը՝ ըստ հայեցողության է: Այստեղ կազմակերպվում են ֆոտոսեսիաներ, ցուցադրվում թատերական ներկայացումներ և այլն, իսկ ստացած ողջ գումարն ուղղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների թերապիաներին ու բուժմանը:
«Բարի տունը լինելու է վայր, որտեղ կարող են ապրել ընտանիքի կողմից մերժված կինն ու հաշմանդամություն ունեցող երեխան: Ինչպես նաև՝ մանկատան հաշմանդամ սաները, որոնք 18 տարին լրանալուց հետո գնալու տեղ չունեն: Մտածում եմ, որ պետք է նրանք կարողանան մասնագիտություն ձեռք բերել, ինչ-որ բան ստեղծել, հետո վաճառել՝ միգուցե հրուշակեղեն, խմորեղեն, ձեռագործ ինչ-որ բաներ: Տեսնենք, կախված է տարածքից»,-ասում է նա:
Իր առաջ դրած նպատակներով ու դրանց կատարմամբ, բարի մաման չի բավարարվում: Մտքում էլի բաներ կան, առայժմ չի բարձրաձայնում:
Լուսանկարները Panorama.am-ին տրամադրել է «Բարի մամա» ՀԿ-ն՝ ծնողների համաձայնությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան