ՊՆ-ն արձագանքում է Զինված ուժերում մահացության տվյալների վերաբերյալ այլընտրանքային վիճակագրությանը
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է 2016 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում մահացությունների վերաբերյալ տվյալները: Զեկույցում նշվում է, որ դրանք հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված, ինչպես նաև մահացած զինծառայողների հարազատների կողմից տրամադրված տեղեկություններից:
Այսպես, ըստ ներկայացված զեկույցի, 2016 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացել է 146 շարքային և պայմանագրային զինծառայող, ինչպես նաև քառօրյա պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականներ: 2016 թ.-ի ապրիլի 2-ին ռազմական գործողությունների ընթացքում արձանագրվել են նաև Թալիշում 4 քաղաքացիական անձանց զոհվելու դեպքեր:
2016 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների մահացության 146 դեպքերից 77-ը՝ ապրիլի 1-5-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետևանքով են, իսկ մահացության մյուս 69 դեպքերից 28-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 15-ը՝ դժբախտ պատահարի (5-ը՝ ավտովթարի, 3-ը՝ բնական աղետի /1-ը՝ ձնահոսքի, 2-ը՝ ջրհեղեղի/, 2-ը՝ բլինդաժի փլուզման, 2-ը՝ մեքենաներ վարելու, շահագործելու կանոնների խախտման, 1-ը՝ հոսանքահարման, 1-ը՝ ջրահեղձման, 1-ը՝ ականի պայթյունի), 12-ը՝ սպանության (5-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների, 3-ը՝ կանոնադրային հարաբերությունների խախտումների հետեւանքով, 3-ը՝ դեռևս չհստակեցված հանգամանքներւմ, 1-ը՝ դիտավորյալ), 10-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով, 3-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով և 1-ը՝ առողջական խնդիրների՝սրտի կաթվածի հետևանքով:
Մահացության 2 դեպքերում (1 ավտովթար և 1 ինքնասպանություն) զինծառայողները չեն գտնվել ծառայության մեջ:
Համեմատության համար գրասենյակը ներկայացրել է 2015 թ-ի նույն ժամանակահատվածի տվյալները, որոնց համաձայն գրանցվել է մահացության 56 դեպք:
Այդ դեպքերից 31-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով են, 13-ը՝ դժբախտ պատահարի (12 ավտովթար, 1-ը դեռևս չճշտված հանգամանքների), 5-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 3-ը՝ սպանության (1-ը՝ դիտավորյալ, 2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման ), 3-ը՝ առողջական խնդիրների հետևանքով է, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով:
Գրասենյակը եզրակացնում է. «Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը 2016 թ-ի նույն ժամանակահատվածում առանց ապրիլյան մարտական գործողությունների և պատերազմական գործողություններից հետո հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհերի թվի, 3 անգամ նվազել է 2015 թ-ի համեմատ: Սակայն կտրուկ աճել է սպանության հետևանքով մահացությունների թիվը՝ 4 անգամ (2015 թ-ին՝ 3, 2016 թ-ին՝ 12), ինքնասպանության դեպքերի թիվը՝ կրկնակի (2015 թ-ին՝ 5, 2016 թ-ին՝ 10)»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած վիճակագրությանն ի պատասխան ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ին ասաց, որ պաշտպանական գերատեսչության կողմից տարվա ընթացքում ներկայացված վիճակագրությունը մահվան դեպքերի վերաբերյալ թափանցիկ են:
«Ներկայացված թվերը թափանցիկ են դրանք մեր կողմից են հրապարակվել, սակայն տվյալ դեպքում հարցը որակումներն ու գնահատականներն են: Երբեմն դրանք վաղաժամ են, քանի որ քննության ընթացքում են գտնվում, երբեմն սխալ որակմամբ են ներկայացվում», -ասաց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով ՀՔԱՎ-ի ներկայացված տվյալին, թե կտրուկ աճել է սպանության հետևանքով մահացությունների թիվը՝ 4 անգամ, ՊՆ խոսնակն ասաց. «Սովորաբար նման գնահատական կարելի է տալ այն ժամանակ, երբ կավարտվեն քննությունները և որակումները կհաստատվեն վերջնական»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան