Բացվեց Աղձքի հայոց արքաների դամբարանում հայտնաբերված երրորդ սնդուկը
Արագածոտնի մարզում Աղձքի հայոց արքաների՝ Արտաշեսյանների և Արշակունիների, դամբարանի պեղումների ժամանակ հայտնաբերվել է երեք սնդուկ՝ մասունքներով: Երկուսն արդեն բացվել էին, որոնք լի են եղել արքայական տոհմերի անդամների ոսկորներով: Երրորդ սնդուկը բացվեց այսօր՝ բազմաթիվ հյուրերին ներկայությամբ: Հավանական էր, որ երրորդ սնդուկը, ի տարբերություն նախկին երկուսի, դատարկ լինի, սակայն մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանին իր «մասնագիտական հոտառությունը» հուսախաբ չարեց: Բացվեց սնդուկը՝ լի մարդկային ոսկորներով:
«Իհարկե, գայթակղությունը մեծ էր, որ մինչ այսպես պաշտոնական բացելը, ստուգեինք՝ այնտեղ բան կա, թե ոչ: Բայց այդ դեպքում այսօր կտեսնեիք արդեն կեղծ իրավիճակ, իսկ այսօր ձեր աչքի առաջ պեղվեց այն, ինչ զմռսվել, ամրացվել է 1650 տարի առաջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հ.Սիմոնյանը:
Սնդուկն ընդամենը մի քանի րոպե բաց մնաց, քանի որ առաջիկայում այնտեղի մասունքները պետք է մանրամասն ուսումնասիրվի քիմիական կազմը, անցկացվի ԴՆԹ անալիզ, որպեսզի հնարավոր լինի կազմել արքայատոհմի գենետիկ կառուցվանքը, և ի վերջո գտածոների թանգարայնացում:
Արշավախմբի ղեկավարի խոսքով՝ այս սնդուկում, ինչպես և նախորդ երկուսում, արքայական տոհմի անդամների՝ տղամարդկանց, կանանց, երեխաների, ոսկորներ են:
«Այս ամենը ցույց է տալիս, որ մենք, իրոք. գործ ունենք արքայական տոհմի հետ, քանի որ եթե այնտեղ լիներ միայն սրբերի աճյուններ, ապա երեխաների, կանանց ոսկորներ չպետք է լինեին: Այսինքն մենք գործ ունեն այն վկայություն հետ, որ հաղորդել են մեզ մեր պատմիչները: Մեր աչքի առաջ Խորենացու և Բուզանդի հաղորդումները մարմին առան և դարձան իրական»,- նշեց Հ.Սիմոնյանը:
Աղձքի 4-րդ դարի դամբարանում պատմահնագիտական պեղումներն իրականացվել են փուլ առ փուլ, սկսվել են 1974 թվականից, այնուհետև շարունակվելու 2001-ին, վերջին փուլը սկսվել է 2014-ին:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հնավայրի պեղումների համար 2014 թվականին պետական բյուջեից հատկացվել է 15 միլիոն դրամ, 2015-ին և 2016-ին՝ 17-ական միլիոն դրամ, նույնքան գումար էլ նախատեսված է 2017-ի համար:
«Աշխատանքները ցույց են տալիս, որ մենք պետք է շարունակենք պեղումները, պարզապես պետք է լինեն համապատասխան հատկացումներ, դրամական միջոցներ, որպեսզի մենք կարողանանք ոչ միայն պեղումների, ուսումնասիրությունների, թանգարայնացման աշխատանքներ կատարել, այլ նաև ստեղծել ենթակառուցվածքներ՝ նպաստելով զբոսաշրջության զարգացմանը»,- ասաց Արմեն Ամիրյան:
Նշենք, որ սնդուկի բացման արարողությանը ներկա էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորներ, Աղձքի և շրջակա գյուղերի բնակիչները: Բեմադրության միջոցով ներկայացվեց հայոց պատմության Արշակունիների ժամանակաշրջանը:
«Պարսիկները հավատում էին, որ հայոց արքաների ոսկորները վիթխարի զորություն, հզորություն ունեն, որոնք պահում են հայոց աշխարհը: Նրանք, որպեսզի այդ զորությունը տանեն, արշավանք են կազմակերպում ու կարողանում են հափշտակել այդ ոսկորները, բայց հայոց այրուձին Վասակ Մամիկոնյանի հրամանատարությամբ, կարողանում է հետ խլել և վերաթաղել Աղձքում:
Մենք բոլորս վստահ ենք, որ Վատիկանում կամ այլ եկեղեցիներում պահվող սրբերի աճյուններն ունեն հրաշագործ հատկություն: Այսինքն 21-րդ դարում մարդիկ հավատում են դրան: Մենք հավատում ենք մեր արքաների զորությանը, հավատում ենք, որ նրանց ոսկորներում մեծ ուժ կա: Այսօր հայտնաբերել ենք այդ ոսկորները ու հավատում ենք, որ մոտ է հայոց վերածնունդը, հայոց հզորությունը, մենք Հայաստանը տեսնելու ենք այնպես, ինչպես Արշակունիների օրոք»,- ասաց արշավախմբի ղեկավար Հ. Սիմոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Աղձքի դամբարանի ծրագիրը կավարտվի 2017 թ. աշնանը
- Աղձքի պեղումներում հայոց արքաների ոսկորներ են գտել
- Աղձքի հայոց արքաների դամբարանից գտնվել են սելադոնից պատրաստված հախճապակե անոթներ
- «Աղձքի Արշակունյանց դամբարանի պեղումները շատ կարևոր են մեր ինքնության առումով». Արշավախմբի ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում