«Վարձավճարների բարձրացումը չեն բերում կրթության որակի բարձրացում»
«ԵՊՀ-ում ուսման վարձերը վերջին տարիներին բարձրացրել են շատ մեղմ քայլերով, շատ քիչ»,- այսօր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում կազմակերպած քննարկան ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Նրա տեղեկացրեց, որ Մայր բուհում տարեկան նվազագույն վարձավճարը կազմում է 400 հազար դրամ, իսկ առավելագույնը՝ 870 հազար:
Հիշեցնենք, որ ԵՊՀ-ում 870 հազար դրամ վարձավճարը «Իրավագիտություն» մասնագիտության համար է, որն այս տարի բարձրացվել էր 70 հազար դրամով:
«Աշխարհում ձրի որևէ բան գոյություն չունի, ինչ-որ մեկը պիտի վճարի: Խորհրդային միության տարիներին հարյուր տոկոսով վճարում էր պետությունը: Ցավոք այսօր մեր պետությունը դրա հնրավարությունը չունի: Այսօր աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնք վճարում են ամբողջովին, դրանցից են Սկանդինավյան երկրները, Գերմանիան, մնացածը համալսարանները իրենք են հոգում իրենց ծախսերը: Ներկայումս ԵՊՀ-ում բյուջեի 24 տոկոսն է տալիս պետությունը, մնացածը համալսարանն ինքն է աշխատում»,-ասաց Սիմոնյանը:
Ռեկտորի խոսքով՝ վարձերի գանձումը իրենք չենք կապում սղաճի, թանկացումների, աղքատության շեմի ու այլևայլ ֆինանսական դժվարությունների հետ. «Գոյություն ունեն ծախսեր, որոնք պարտադիր են, դա ոչ միայն աշխատավարձն է, այլև բուհի սարքավորումները, գույքը, նորոգումները և այլն: Այսօր ԵՊՀ-ն իր բյուջեի հինգ տոկոսը ծախսում է որպես զեղչ ուսանողներին, որոնց հիմնական մասը մեզ պարտադրված չէ օրենքով և կառավարության որոշումներով»:
Երևանի պետական բժշկական համալսարանում առավելագույն վարձավճարը «Ընդհանուր բժշկություն» և «Ստոմատոլագիական» ֆակուլտետներում է՝ 1 մլն դրամ, նվազագույնը՝ 600 հազար՝ «Դեղագիտական» ֆակուլտետում:
ԵՊԲՀ պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը հայտնեց, որ իրենց բուհում սրան զուգահեռ նաև վարձերի իջեցումներ են եղել՝ 100-300 հազար դրամի չափով՝ «Կլինիկական արդինատուրա» և «Հանրային առողջության» ֆակուլտետներում:
«Երրորդ կուրսից սկսած մեր կրթական պրոցեսը հիմնականում կազմակերպվում են կլինիկաներում: Ցավոք համալսարանն ունի ընդամենը երկու համալսարանական կլինիկա՝ Առաջին հիվանդանոցն ու «Մուրացան» համալսարանական կլինիկան: Սրանց տարողունակությունը այնքան չէ, որ մենք կարողանանք սահմանափակվել, ուստի շատ դեպքերում վարձում ենք կլինիկաները»,-ասաց պրոռեկտորը:
Ինչ վերաբերում է հարցին, թե վարձավճարների թանկացմանը զուգահեռ, արդյոք բարձրանում է նաև կրթության որակը, Լ. Ավետիսյանն ասաց, որ վերջին տասը տարիների ընթացքում արտասահմանցի ուսանողների թիվը կրկնակի աճել է, ինչը խոսում է որակի բարձրացման մասին:
Արամ Սիմոնյանի կարծիքով էլ՝ ԵՊՀ-ում որակի աճը նկատելի է. «Բավարարված ենք այսօրվա որակի դինամիկայով, սակայն դա չի նշանակում, որ պրոբլեմներ չունենք, ամեն ինչ անում ենք դրանք լուծելու համար»:
Հարցին՝ թե պաշտոնապես 30 տոկոս աղքատություն ունեցող երկրի համար արդյոք բարձր չե՞ն վարձավճարները, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը պատասխանեց. «Իհարկե աղքատության պայմաններում և նախորդ վարձավճարները, և նորը կարելի էր բարձր համարել, սակայն ցավոք միայն դրանով չես կարող առաջնորդվել, քանի որ կան կանոնադրական խնդիրներ, որոնք պետք է իրագործվեն: Ոչ ոք չէր հանդուրժի, որ վարձերը ցածր լիենին, բայց կրթության որակը չապահովվեր, հետազոտական աշխատանքներ չկատարվեին, միջազգային ասպարեզում որևէ քայլ չարվեր, այդ տեսակետից կարծում եմ բարձրացման անհրաժեշտություն էր ծագել»:
Անդրադառնալով ՀՊՏՀ-ին՝ Աթոյանն ասաց, որ իրենց համալասրանի պարագայում էլ հիմնական աղբյուրը վարձավճարներն են, եկամուտների ընդամենը ութ տոկոսն են ստանում պետբյուջեից. «Մեր բուհում բարձրացումների արդյունքում ամբողջ ներքին միջավայրն է բարեփոխվել, բուհը տեխնիկապես հագեցվել է, ստեղծվել է հետազոտական կենտրոն, որտեղ բացի հիմնական աշխատողներից՝ աշխատանքներ են կատարում նաև մագիստրանտները»:
Քննարկմանը ներկա կրթության որակի փորձագետ Սերոբ Խաչատրյանը չհամաձայնվեց ռեկտորների կարծիքին. «Վարձավճարների բարձրացումը չեն բերում կրթության որակի բարձրացում»:
Ինչ վերաբերում է պետական միջամտությանն ու ներդրմանը կրթության որակին ՝ փորձագետի գտնում է, որ պետության առաջարկած տարբերակներից մեկը պետք է լինի բուհերի օպտիմալացումը. «Հայաստանի նման երկրի համար պետական ստատուս ունեցող բուհերը շատ-շատ են, մենք չենք կարողանում այդքանը պահել: Այսօր նույնիսկ արվեստի ոլորտի բուհերն են բաժանված: Գնալով բուհերի միավորման՝ դրանք կարելի է ավելի ուժեղանել ու ավելի մրցունակ են դարձնել»:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 20 մլն դրամ կհատկացնի սիրիահայ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման համար
- Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձավճարի 50 տոկոս և ավելի զեղչից
- Կփոխհատուցվի 2 և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը
- Պաշտոնական տեղեկագրերով ԵՊՀ-ում ուսման վարձերը բարձրացել են, իսկ ռեկտորն ասում է. «Այդպիսի բան չկա»
- Ուսանող դառնալու համար առաջին նախապայմանը ուսման վարձն է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան