Մենք ունենք այն ամենը, ինչն անհրաժեշտ է Հայաստանը զբոսաշրջության համար գրավիչ դարձնելու համար. Զարմինե Զեյթունցյան
«Մենք ունենք այն ամենը, ինչն անհրաժեշտ է Հայաստանը զբոսաշրջության համար գրավիչ դարձնելու համար»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
«Հասկանալով նաև խնդիրները, ենթակառուցվածքների բացակայությունը, ճանապարհների ոչ բարվոք վիճակը, հանրային զուգարանների բացակայությունը, այդուհանդերձ, զբոսաշրջիկները գալիս են Հայաստան: Մենք պարզապես չենք կարողանում ճիշտ փաթեթավորել ու ճիշտ ներկայացնել աշխարհին մեր ունեցածը: Ամենամեծ խոչընդոտը դա է»,- նշեց նա:
Բացի այդ, ըստ Զարմինե Զեյթունցյանի, ունենք հասանելիության խնդիր. խոսքը փակ սահմանների մասին է: «Իհարկե այսօր ավելանում է չվերթների քանակը, վարչապետը դիմել է 67 ավիաընկերությունների և հրավիրել Հայաստան, որդեգրել ենք «Բաց երկնքի» քաղաքականությունը և, կարծում եմ, որ այս ամենը կբերի դրական արդյունքների»,- ասաց նա:
Զարմինե Զեյթունցյանը զբոսաշրջության զարգացման համար կարևորում է համայնքների համաչափ զարգացումը: Ըստ նրա՝ Հայաստանի մեծ թվով գյուղական համայնքներ օժտված են տուրիզմի համար հետաքրքրություն ներկայացնող օբյեկտներով, որոնք ոչ միայն աշխարհի, այլ նույնիսկ Հայաստանի համար բացահայտված չեն։
«Պետք է կարողանանք ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որ ցանկացած համայնք օգուտ քաղի զբոսաշրջիկից: Ես այդպիսին են տեսնում զբոսաշրջության զարգացումը: Զբոսաշրջիկն իր գումարը միայն հյուրանոցում կամ ռեստորանում չպետք է ծախսի: Գյուղական տուրիզմի, էկոտուրիզմի, հայկական ավանդույթների ներկայացմամբ կհասնենք լուրջ հաջողությունների»,- ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը:
Մինչդեռ, ըստ նրա, մեր ազգային ավանդույթները, խոհանոցը, մշակույթը, պարերը չեն ներկայացվում զբոսաշրջիկին, այն դեպքում, երբ ի տարբերություն շատ երկրների, Հայաստանն այդ ամենն ունի:
Նշենք, որ 2016 թ-ին Հայաստան է այցելել 1 մլն 260 հազար զբոսաշրջիկ: Զբոսաշրջության պետական կոմիտեին նախատեսում է երեք տարվա ընթացքում այդ թիվը հասցնել 2,5 մլն-ի: «Մեր օդանավակայանը և ենթակառուցվածքներն այդ հնարավորությունն ունեն: Միայն մեկ բան է պետք՝ աշխարհը պետք է իմանա Հայաստանի մասին: Դրա համար հստակ մարքեթինգային քաղաքականություն է պետք»,- ասաց Զարմինե Զեյթունցյանը:
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը հատկապես կարևորում է մեր պատմամշակութային արժեքների վերաբերյալ տեղեկատվության տարածումը: «Այսօր մենք ունենք 7,5 հազար տարի առաջ հայտնաբերված գինու կարաս, այն ինչ-որ թանգարանում հետազոտվում է, սակայն դա այդպես էլ մնում է, մինչդեռ դրա շուրջ կարելի էր ստեղծել պատմություն: Դա մեր ամենամեծ խնդիրն է: Մենք այսօր վերցրել ենք այդ պատասխանատվությունը մեզ վրա, որպեսզի աշխատենք պատմաբանների, ազգագրագետների, մշակութաբանների, մարկետոլոգների հետ: Արդեն երկու ծրագրի շուրջ սկսել ենք աշխատանքները: Մեկը կրոնական զբոսաշրջություն է»,- նշեց Զարմինե Զեյթունցյանը՝ հավելելով, որ պետք է պատրաստեն այնպիսի փաթեթներ, որոնք կներառեն , մասնավորապես, էկոտուրիզմն ու կրոնական տուրիզմը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան