«Դուք հայկական դերասանական դպրոցի լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողն եք»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Գուժ Մանուկյանին ծննդյան 80-ամյակի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ստեղծագործական նոր հաջողություններ:
«Դուք հայ թատերարվեստի երախտավորներից եք, հայկական դերասանական դպրոցի լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողը, և Ձեր վաստակաշատ գործունեության յուրաքանչյուր շրջան արժևորվել է նշանակալի ձեռքբերումներով՝ բեմում, ռադիոյում և էկրանին:
Ձեր դերասանական արվեստն առանձնանում է բնատուր շնորհով, կերպարի անտեսանելի շերտերը թափանցելու և հանդիսատեսին փոխանցելու կարողությամբ: Խաղային ներշնչանքով և զգացմունքայնությամբ օժտված Ձեր կերպարները համոզիչ են, ազդեցիկ և խոսուն վկայությունն են Ձեր բարձր կատարողական վարպետության»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում, որը ներկայացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։