Քանդակի սիմպոզիում` Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ
Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպում է քանդակի սիմպոզիում, որը բանաստեղծի ծննդավայրում` Դսեղ գյուղում կանցկացվի 2017 թվականի մայիս-հունիս ամիսներին:
Մշակույթի նախարարության հաղորդմամբ, սիմպոզիումին կմասնակցի 15 քանդակագործ: Յուրաքանչյուրին կտրամադրվի տուֆի մեկ կտոր (2x1x1 մ/խորանարդ չափով): Թեման է` Հովհ. Թումանյանի ստեղծագործությունների հերոսներ, թումանյանական գրականություն:
Ավարտուն քանդակները կտեղադրվեն Դսեղ գյուղում: Սիմպոզիումի ավարտից հետո ստեղծագործությունների հեղինակները կստանան դրամական պարգևներ:
Կեցության, սննդի և ստեղծագործության նյութի հարցերը հոգում է կազմակերպող կողմը: Անհրաժեշտ բոլոր գործիքները բերում է քանդակագործը: Սիմպոզիումին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդներ: Մասնակցության հայտը պետք է ուղարկել մինչև 2017 թվականի մայիսի 12-ը` [email protected] էլ. հասցեին:
Հայտերի ուսումնասիրման արդյունքում ժյուրիի գնահատմամբ ընտրված մասնակիցները պաշտոնական հրավեր կստանան մինչև մայիսի 18-ը: