«Ամեն» շոուն էպիկական դրամա է հայ ժողովրդի պատմական ճամփորդության մասին
Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի հունիսի 23–ին «AMEN Project» ընկերությունը ներկայացնելու է «Ամեն» երաժշտական դրամատիկ շոու–ներկայացման պրեմիերան։ Կազմակերպիչ ընկերությունը տեղեկացնում է, որ շոու–ներկայացումը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, նրա մնայուն արժեքներին և քաղաքակրթության պատմության մեջ իր բացառիկ դերին։
«Ամեն» շոուն էպիկական դրամա է հայ ժողովրդի պատմական ճամփորդության մասին՝ նրա ծագման ու հավատքի, մշակութային կողմնորոշիչների և արժեքների մասին: Հիմնական նպատակն է ցույց տալ, որ, չնայաց կորուստների ու փորձությունների, մարդիկ շարունակում են սիրել, ստեղծագործել և վայելել կյանքը:
«Ամեն»–ը բացառիկ միջազգային նախագիծ է։ Այն պահպանում է հայկական երաժշտության ավանդույթները և ներկայացնում դրանք ժամանակակից բեմական շոուի ձևաչափով, որտեղ բնօրինակ երաժշտական լիբրետոն ու ավանդական բալետը համակցված են ժամանակակից լուսա-երաժշտական բեմական տեխնոլոգիաների հետ։
2017 թվականի օգոստոսին «Ամեն» շոու–ներկայացումը կցուցադրվի Իտալիայի Վերոնա քաղաքում,այնուհետև՝ աշխարհի խոշորագույն քաղաքների (Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք, և այլն) բեմահարթակներում: «Ամեն»-ի գաղափարի շուրջ կկազմակերպվեն նաև այլ միջոցառումներ` լուսանկարների ցուցահանդեսներ և պերֆորմանսներ, մշակութային հանդիպումներ և այլն:
Նախագծի մասնակիցներն են՝ տենոր Հովհաննես Այվազյան (Հայաստան), սոպրանո Հրաչուհի Բասենց (Գերմանիա), բարիտոն Դավիթ Բաբայանց (Հայաստան), մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյան (Շվեյցարիա), դուդուկահար Գևորգ Դաբաղյան (Հայաստան), լիրիկական տենոր Բեռչ Քարազյան (Հայաստան), սոպրանո Ռոզի Անուշ Սվազլյան (ԱՄՆ, Իտալիա), սոպրանո Հասմիկ Թորոսյան (Իտալիա, Հայաստան), բաս Բարսեղ Թումանյան (Հայաստան, Ղազախստան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ (գեղարվեստական ղեկավար դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբ, (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան, Nորքի Հայորդաց տան «Նարեկ» պարային համույթ (գեղարվեստական ղեկավար՝ Արման Ջուլհակյաn), Երևանի Մ.Մալունցյանի անվան արվեստի դպրոց - վոկալ համույթ և ուրիշներ: