ՀՊՏՀ և ՃՇՀԱՀ ռեկտորները համագործակցության պայմանագիր են ստորագրել
«Ես կարծում եմ, որ հատկապես ներկա ժամանակներում, երբ բարձրագույն կրթության առջև դժվարությունները շատանում են, օգտակար է ոչ միայն արտերկրի, այլև Հայաստանի համալսարանների հետ փոխգործակցությունը»,- այս մասին նշել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն՝ այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի հետ համագործակցության պայմանագիր ստորագրելուց հետո։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ համագործակցության պայմանագրով երկու համալսարանները կհամագործակցեն կրթական, գիտահետազոտական, շարժունության, միջազգայնացման, տեղեկատվական, փորձագիտական և խորհրդատվական, նյութատեխնիկական և ուղղություններով։
ՃՇՀԱՀ-ի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Գալստյանը նշել է, որ այս համագործակցությունը քննարկումների և ուսումնասիրությունների արդյունք է, որը լավ նախադրյալ կարող է ստեղծել և լայն դաշտ բացել նոր ուղղություններով համագործակցության համար:
«Կրթությունը գիտության շարժիչ ուժն է և մենք պետք է հնարավորինս նպաստենք այդ կապի զարգացմանը, միջավայրի ստեղծմանը՝ ընդլայնելով համագործակցությունը համալսարանների հետ»,- ասել է Գագիկ Գալստյանը։
Մասնավորապես երկու համալսարանները նախատեսում են նպաստել կրթական ծրագրերի նորացմանը, իրականացնել համատեղ կրթական ծրագրեր, խթանել հետազոտական և զարգացման երկկողմ և բազմակողմ ծրագրերին, համատեղ իրականացնել միջազգային կրթական դրամաշնորհային ծրագրեր, ստեղծել փորձագետների միասնական խումբ ինչպես միջհամալսարանական, այնպես էլ օտարերկրյա համալսարանների հետ աշխատելու նպատակով, ապահովել նյութատեխնիկական բազայի, հրատարակությունների և գրադարանային ֆոնդի համատեղ օգտագործում, համագործակցել պրաֆեսորադասախոսական, վարչական անձնակազմերի և ուսանողների վերապատրաստման համատեղ ծրագրերի շրջանակներում, համատեղ ընդլայնել աշխատաշուկայի հետ համագործակցությունը և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան