Ընդունելության քննությունների ձևաչափում փոփոխություններ կլինեն
Ընդունելության քննությունների կենտրոնացված համակարգն, ի վերջո, տարիների ընթացքում իր արդյունքը տվեց և յուրաքանչյուրը գիտի` գիտելիքին համարժեք գնահատական է ստանալու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ նշելով, որ ընդունելության քննության ձևաչափում առաջիկայում կլինեն փոփոխություններ։
«Բուհերը շատ են բողոքում, որ երեխաները, ովքեր մասնագիտական նախընտրություն ունեն, հաճախ դուրս են մղվում ավելի բարձր ստացած, բայց մեկ ուրիշ մասնագիտություն ընտրած դիմորդների հետ մրցակցության պատճառով: Օրինակ, իրավաբանական ֆակուլտետի դիմորդը պատմության ֆակուլտետի դիմորդին կարող է դուրս մղել, եթե վերջինս մի քիչ ավելի ցածր միավորներ է ստացել: Դրա համար մենք հիմա նախատեսում ենք մինչև հոկտեմբեր ամիսը առաջին հայտի գերակայության սկզբունքը պահել` առաջինը կանցնեն նրանք, ովքեր առաջին հայտով իրենց նախընտրած մասնագիտությամբ համապատասխան միավոր են ստացել, և նոր միայն մյուսները կանցնեն` թափուր տեղի առկայության դեպքում»,-մանրամասնեց նախարարը։
Լ. Մկրտչյանի խոսքով՝ դիմորդը հնարավորություն կունենա նույն առարկայից երկրորդ անգամ քննություն հանձնել. «Այս փոփոխությունը կբեռնաթափի համակարգը, և յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա երկրորդ անգամ էլ փորձել, քանի որ պետք է հասկանանք` քննության իմաստը ոչ թե դիմորդի սխալը բռնելն է, այլ երեխայի գիտելիքները ստուգելը: Եվ եթե հուզմունքի կամ այլ պատճառներով լավ չի ստացվում նրա մոտ առաջին անգամ, պետք է երկրորդ հնարավորություն էլ տրվի: Մեզ մոտ Ամերիկյան համալսարանն այդ ձևաչափով է իր ընդունելությունը կազմակերպում և, ըստ էության, մի քիչ անհավասար պայմաններ են այս և մյուս բուհերի միջև»։
Անդրադառնալով ուսման վարձերի բարձրացմանն՝ Լևոն Մկրտչյանն ասաց, որ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ուսման վարձի բարձրացում չլինի:
«Խնդրել ենք բուհերին, որ վարձերը նույնը մնան: Պետք է հասկանանք, որ մի բարդ փուլ է անցնելու կրթական համակարգը: Մենք կփորձենք օգնել բուհերին ինչով կկարողանանք, քանի որ կրթական համակարգը մտել է փոփոխությունների փուլ: Այդ ընթացքում պետք է այնպես անենք, որ մեր ունեցածը չվնասենք, որ ավելի վատ արդյունք չստանանք, այլ եղածի վրա ավելի լավը կառուցենք»։
Հարակից հրապարակումներ`
- «Կենսաբանություն» առարկայի միասնականից կտրվել է 150 դիմորդ
- Նախօրեի միասնական քննության վերաբերյալ որևէ ահազանգ չի եղել. ԳԹԿ
- Վաղը դիմորդները միասնական քննություն կհանձնեն
- Արցախում ևս դիմորդների թիվը պակասել է
- Միասնական քննություններ հանձնողների թիվը պակասել է նախորդ տարվա համեմատ. Արա Իսպիրյան
- Միասնական համակարգով հայտագրված դիմորդների թիվը նվազել է. Վաչագան Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով