Ցանկացած իրավախախտ պետք է պատասխանատվություն կրի. Դավիթ Հարությունյան
«Նմանատիպ միջադեպեր, իհարկե, կարող են լինել, ցավալի երևույթ է, բայց այն, որ էթիկական ստանդարտներն արդեն ներդրվում են մեր փաստաբանական համակարգում, դա որևէ մեկը հերքել չի կարող»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն՝ անդրադառնալով փաստաբանների միջև տեղի ունեցած միջադեպին։
Նրա խոսքով՝ մի քանի տարի է, ինչ այդ աշխատանքը հետևողականորեն առաջ է մղվում։
Լրագրողների հարցին՝ արդյոք բավարար հեղինակություն է վայելում փաստաբանության ինստիտուտը, նախարարը պատասխանեց. «Դեռևս ոչ, բայց կարծում եմ հենց դա էլ ավելի մղում է նոր քայլերի։ Եթե որևէ խնդիր Հայաստանի փաստաբանությունը չունենար, կարծում եմ մենք ուղղակի կանգ կառնեինք։ Ակնհայտ է, խնդիրներ կան և դրանք պետք է լուծվեն»։
Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ նախարարությունը համագործակցելու է Փաստաբանների պալատի հետ, փորձելու են ուրվագծել առաջնահերթ խնդիրները, տեսնել, թե յուրաքանչյուրն ինչ անելիքներ ունի։
«Նախարարությունը իր հիմնական ազդեցությունն իրականացնում է օրենսդրական բարեփոխումների եղանակով և վերջերս տեղի է ունեցել փոփոխություն փաստաբանության մասին օրենքով։ Որպես քաղաքական մարմին մենք ունենք երկու հիմնական քայլ, որոնք պետք է կատարենք։ Բացի օրենսդրականից մենք ունենք համատեղ աշխատանք, համատեղ ծրագրեր՝ կրթելու ոչ միայն փաստաբանությանը, այլև՝ հանրությանը»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է վերջերս տեղի ունեցած դատավոր, դատախազ ձերբակալություններին, արդարադատության նախարարն ասաց. «Անկախ նրանից դատավոր է, դատախազ է, թե ավելի բարձր պաշտոնյա, ցանկացած իրավախախտ պետք է պատասխանատվություն կրի։ Հենց դրանում է իրավական պետության բուն արմատը՝ անկախ պաշտոնից, անձը, ով խախտում է կատարել, պետք է պատասխանատվություն կրի։ Դա կամաց-կամաց մեզանում կարմատավորի, որ անպատժելիություն լինել չի կարող»։
Լրագրողները նախարարից հետարքրքվեցին նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պայմանների մասին, ինչին ի պատասխան նա ասաց. «Այստեղ մշակվում է նոր ծրագիր և նոր քայլեր արվելու են, դրանում կարող եք վստահ լինել։ Կարծում եմ՝ մոտակա մի քանի ամիսների ընթացքում մենք կներկայացնենք համապարփակ ծրագիր, թե քրեակատարողական համակարգում առողջապահության հարցերը ինչ ձևով պետք է լուծել։ Դրանք հեշտ հարցեր չեն, պահանջում են նաև ֆինանսական ներդրումներ, որոշ դեպքերում՝ շատ լուրջ։ Այնուամենայնիվ, փորձում ենք գտնել նորովի լուծումներ այստեղ»։
Անդրադառանալով հարցին՝ թե նախարարությունում ինչ կադրային փոփոխություններ են լինելու, նա պատասխանեց. «Երբ փոփոխություններ կլինեն, այդ մասին բոլորը տեղյակ կլինեն, ես նախապես ոչինչ չեմ նշելու, բայց այս պահին կարող եմ ասել, որ նախարությունը համալրված է բարձր պատրաստվածություն ունեցող կադրերով։ Մենք, իհարկե, կանգ չենք առնելու, դնելու ենք նոր խնդիրներ նախարարության աշխատակազմի առջև։ Վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր կիսում են այդ խնդիրները, նրանք կպահպանեն իրենց աշխատանքը»։
Հարակից հրապարակումներ`
- Պրոբացիոն ծառայությունում կա կադրերի պակաս. արդարադատության նախարար
- Վարչապետի հետ ունենք մարդկային շատ ջերմ հարաբերություններ. Դավիթ Հարությունյան
- Փաստաբանների մասնակցությամբ միջադեպերի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում
- Փաստաբանների մասնակցությամբ միջադեպի մասնակից Սիմոն Բաբայանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին