«Նրանք նկարում էին պատերազմ»
Վավերագրող Գրիգոր Ավետիսյանը 1992 թվականին գնացել է Արցախ՝ պատերազմ, նկարահանելու քարոզչական ֆիլմ, որպեսզի բերի, ցուցադրի Հայաստանում, ոգևորի երիտասարդներին, նրանք էլ գնան կռվելու: Զինվորների կարիք կար: Սակայն այդ ֆիլմը չի նկարահանվել, քանի որ գնալուց որոշ ժամանակ անց նա տեսախցիկը դրել է մի կողմ ու վերցրել է զենք:
«Գնացի որպես վավերագրող, բայց չկարողացա մնալ որպես վավերագրող, եղա կապի ծառայության մեջ, բրիգադում եմ ծառայել: Պահ եկավ, որ խցիկը դրեցի ու վերցրեցի զենքը: Միգուցե սխալ էր, բայց քանի որ մասնագիտությամբ ռեժիսոր եմ, ոչ թե օպերատոր, այդ սխալն ինձ ներում եմ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գ. Ավետիսյանը:
Մինչ զենքը վերցնելը, հասցրել էր նկարահանումներ անել. դոկումենտալ կադրերի հիման վրա հետագայում նկարահանել է ֆիլմ՝ «Խաղում ենք պատերազմ», նվիրված է Արցախյան ազատամարտի հերոս լեգենդար 26-ի Յուրայի նահատակման քսանամյա տարելիցին:
Գրիգոր Ավետիսյանը «Նրանք նկարում էին պատերազմ» գրքի հերոսներից մեկն է:
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր: Գրքում զետեղված են 2012-2017 թթ․ kinoashkharh.am կայքում «Պատերազմի վավերագրողները» խորագրով հրատարակված հարցազրույցներ 34 անձանց հետ (հայերեն և անգլերեն), որոնք 1991-1994 թթ․ եղել են ճակատում և վավերացրել են Արցախյան պատերազմի տարեգությունը։ Գրքում զետեղված են նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նրանց նկարահանումների ընտրանին՝ երկու խտասկավառակով։ Ժողովածուն կազմել են Անահիտ Հարությունյանը և Ռուզան Բագրատունյանը:
Շնորհանդեսին ներկա էր ռեժիսոր, օպերատոր Միքայել Ղազարյանը:
«Հինգ հոգով ստեղծեցինք պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը: 1992 թվականի փետրվարին մեկնեցինք Արցախ մինչև 1993 թվականը: Երկու նպատակ ունեի՝ օգտակար լինեի հայրենիքիս, կոնկրետ իմ մասնագիտությունը ծառայեի հայրենիքիս՝ նկարեի այն, ինչ տեղի էր ունենում»,- ասաց Մ. Ղազարյանը:
Նա նշեց, որ ի տարբեություն որոշ վավերագրողների, իր բախտը բերել էր. աշխատելով պաշտպանության նախարարությունում՝ զենք է ունեցել, հարկ եղած դեպքում այն օգտագործել է:
«Իրավիճակն է թելադրում քո գործողությունները՝ նկարում ես կամ զենքն ես օգտագործում: Երբ մտնում ես այդ բանի մեջ, անկախ քեզանից շատ բաների մասին ես մոռանում, երբեմն նաև ընտանիքիդ, որովհետև այնպիսի իրավիճակներ են լինում, որ չգիտես՝ մեկ վայրկյան հետո ինչ է լինելու»,- ասաց Միքայել Ղազարյանը:
Շնորհանդեսին ներկա վավերագրող Տիգրան Գևորգյանի կինը՝ Նունե Խաչիկօղլյանը, պատմեց, որ ամուսինը ղարաբաղյան պատերազմի սկզբից մինչև վերջ այնտեղ է եղել:
«Պատերազմն իրեն լռակյաց էր դարձել, որևէ բան չէր պատմում: Բայց իր նկարած կադրերից ամեն ինչ պարզ էր դառնում, թե ինչ վիճակ է այնտեղ, ինչեր են տեսնում: Երբ նայում էի չմոնտաժված կադրերը,… Ուշ-ուշ էր գալիս տուն: Երեխաներս փոքր էին, մութ ու ցուրտ տարիներ էին, առաջին տարին սարսափելի դժվար էր:
Բաղդասարյան Էդիկի հետ ազատագրված Լաչինն առաջինն են նկարել: Տանն էի, ուշ ժամ էր, արդուկ էի անում, «Հայլուրը» արտակարգ թողարկում մտավ: Ասացին՝ առանց մոնտաժելու ցույց ենք տալիս ազատագրված Լաչինը: Արդուկն առանց նկատելու դրել եմ հագուստի վրա ու մոտեցել հեռուստացույցին: Մեկ ժամ անց զանգում է Տիգրանը, թե Լաչինն ազատագրված է: Ասում եմ՝ գիտեմ»,- հիշում է տիկին Նունեն:
Անգիր գիտի ամուսնու նկարահանած յուրաքանչյուր կադր:
«Վերջերս իմացել ենք, որ «Արամ» ֆիլմը սկսվում է իր կադրերով՝ մթության մեջ գրադով կրակում են»,-ասաց նա:
Գիրք կազմողներից Ռուզան Բագրատունյանն ասաց, որ 2012 թվականից kinoashkharh.am կայքի համար Ալիսա Գևորգյանը սկսեց «Պատերազմի վավերագրողները» հարցազրույցների շարք անել, այնուհետև հասկացել են, որ շատ հետաքրքիր է ու որոշել են գիրք պատրաստել: Գրքի նյութերի հավաքմանն աջակցել են ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունները, ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության կենտրոնը: ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն ձեռք է բերել գրքի 100 օրինակ: Գիրքը հավանության է արժանացել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի կողմից, առաջիկայում բուհերի գրադարանները ևս կունենան այս գիրքը: Այն տպագրվել է ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ (1,5 միլիոն դրամ):
«Գիրքը ճանաչողական բնույթի նյութ է պարունակում: Ցանկացած երկիր, եթե պատերազմի մեջ է, պատրաստում է օպերատորների և ուղարկում ճակատ: Մեզ մոտ շատ տարերային սկսվեց, չունեինք բանակ, ազատամարտիկների նման մեր օպերատորներն էլ կամավորագրվեցին ու գնացին ճակատ: Մեր օպերատորները, ռեժիսորներն ու լրագրողները, ի տարբերություն այլ երկրների, և զենքով էին կռվում, և տեսախցիկով»,- նշեց Ռ. Բագրատունյանը՝ հավելելով, որ ժապավենները մեծ ճիգերով էին հասնում շրջափակված Հայաստանի հեռուստատեսություն՝ ամենավտանգավոր ճանապարհներով ու փոխադրամիջոցներով:
«Հանրությունը պետք է ճանաչի ու երախտագիտություն հայտնի այն մարդկանց, ովքեր քաջություն են ունեցել իրենց մասնագիտական պարտքը կատարել՝ վտանգելով իրենց կյանքը»,- ասաց նա:
Ռ. Բագրատունյանի խոսքով, թեև գիրքը ծանոթացնում է նրանցից ընդամնեը 34-ի հետ, բայց նրանց թիվը շատ ավելի մեծ է: