Միասնական վճարային միավորի ներդրմամբ հիմք կստեղծվի ԵՏՄ միասնական արժույթի համար
ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդրման վերաբերյալ առաջարկությունները մշտապես եղել են կողմերի միջև շահարկման առարկա, և ահա նախօրեին ԵՏՄ ֆինանսական կարգավորիչի դերին հավակնող Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչն առաջարկ է ներկայացրել ստեղծել հաշվարկային դրամական միավոր, որը կգործի կառույցի ողջ տարածքում:
Ըստ էության, ԵԱԶԲ-ի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրենն առաջարկել է ստեղծել միասնական արժույթին փոխարինող վճարային այնպիսի միավոր, որն իր վրա կվերցնի միասնական արժույթի հիմնական գործառույթները՝ առևտրային հաշվարկներ, վճարումներ, փոխանցումներ և այլն, սակայն միևնույն ժամանակ այն չի լինի կանխիկ շրջանառության մեջ և կօգտագործվի հիմնականում միջազգային գործարքների ժամանակ:
Նման նախաձեռնությունը ԵՏՄ ճարտարապետների համար նպաստավոր կլինի այն տեսանկյունից, որ ի տարբերություն միասնական արժույթի՝ միասնական վճարային միավորի դեմ չեն կարող ներկայացվել այնպիսի հակափաստարկներ, ինչպիսիք են օրինակ՝ անդամ երկրների տնտեսական ինքնուրույնության սահմանափակումը, ռուսական ֆինանսական համակարգից կախվածության մեծացումը և այլն: Միասնական վճարային միավորի ներդրման պարագայում ԵՏՄ անդամ երկրները կշարունակեն պահպանել սեփական ազգային արժույթները, սակայն միջպետական հաշվարկները և վճարումները կկատարեն միասնական արժութային միավորով:
Ենթադրելի է, որ միասնական վճարային միավորի ներդրումը և հաջող շրջանառությունը լուրջ հիմքեր կստեղծի հետագայում միասնական արժույթի անցման համար: Այդ մասին է վկայում նաև միջազգային փորձը:
Միասնական վճարային արժութային միավորի ներդրման ամենահաջող փորձը, թերևս, Եվրոպական տնտեսական ընկերակցությանն է՝ Եվրոպական միության «նախահորը»: 1979թ-ին ԵՏԸ-ում ներդրվեց Էքյուն (ECU), որն ընկերակցության անդամ պետությունների ազգային արժույթներից ձևավորված զամբյուղն էր: Այդ արժույթը չկար կանխիկ շրջանառության մեջ, սակայն առանց դրա էլ լայն կիրառում ուներ: Մասնավորապես՝ էքյուն չափման և հաշվարկների լիարժեք միավոր էր, հանդիսանում էր պահուստային արժույթ, թողարկվում էր դրամական զամբյուղների բարձր ապահովվածությամբ, տոկոսների վճարման համար լիարժեք արժույթ էր, ինչպես նաև՝ Եվրոպական արժութային համակարգի (ԵԱՀ) անդամ երկրների կենտրոնական բանկերի միջև հանդիսանում էր հաշվարկենրի և վճարումների արժույթ:
1999թ-ին եվրոն ներդրվեց հենց էքյուի հիմքի վրա և փոխարինեց դրան արդեն որպես լիարժեք և միակ արժույթ ԵԱՀ անդամ երկրների համար:
Ինչպես նշվում է՝ միասնական վճարային արժույթի ներդրման նախաձեռնությանն աջակցում է միայն Ղազախստանը, իսկ ԵՏՄ մյուս երկրների կողմից այդ հարցը չի քննարկվել: Սա տրամաբանական է, քանի որ այդ նախաձեռնությանն արձագանքելու պարագայում ինքնըստինքյան հավանություն է տրվելու կամ մերժվելու է միասնական արժույթի վերդրումն ընդհանրապես:
Հարակից հրապարակումներ`
- Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ միասնական արժույթի անցնելու մասին քննարկումներ չեն լինի. Ջավադյան
- ԵԱՏՄ միասնական արժույթի մասին նույնիսկ 2025-ից հետո, դժվար թե, խոսակցություն լինի. պաշտոնյա
- ԵԱՏՄ-ում միասնական արժույթի անցնելու հարց ներկա փուլում չի քննարկվում. Տատյանա Վալովայա
- ՌԴ ԿԲ-ն հետաձգել է միասնական արժույթին անցնելու գործընթացը ԵՏՄ տարածքում
- ԵՏՄ-ում միասնական արժույթն անխուսափելի է. Գործարար պատգամավոր
- Ղազախստանը բացառում է ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդրումը
- Գ. Մինասյան. ԵՏՄ միասնական արժույթի ներդրումը կնպաստի միության անդամ երկրների միջև ապրանքների և կապիտալի տեխաշարժի հեշտացմանը
- Միասնական արժույթի անցնելը բարդ գործընթաց է, որին պետք է տարիներ սպասել. տնտեսագետ
- Միասնական արժույթի անցնելու համար շտապողականության կարիք չկա. Թաթուլ Մանասերյան
- Պուտին. Եկել է միասնական արժույթային շուկա ստեղծելու ժամանակը