«Երկու» երնեկ՝ շոգ ու սեքս
«Տապին առավել զգույշ պետք է լինեն զարկերակային բարձր ճնշում ունեցող անձինք։ Որպեսզի սիրտ-անոթային համակարգը չծանրաբեռնվի, կարելի է զերծ մնալ սպորտով և սեքսով զբաղվելուց», -այսպիսի խորհուրդներ են տվել մոլդովացի բժիշկները՝ հիդրոօթրևութաբանական ծառայության բարձր ջերմային ֆոնի մասին հայտարարությունից հետո։
Ըստ այդ հայտարարության՝ Մոլդովայում այս ամառվա ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 5-ը։ Կգրանցվի առավելագույնը 38 աստիճան տաքություն։
Կի՞սում է արդյոք հայ սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը մոլդովացի մասնագետների այն կարծիքը, որ շոգ եղանակին պետք է խուսափել սեռական հարաբերություն ունենալուց. Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցեց վերջինիս հետ։
Սևադա Հակոբյանը նկատեց, որ տապն իրենով մարմնական հաճույքներից խուսափելու պատճառ չի կարող հանդիսանալ, այլ բան է, երբ մարդը սիրտ-անոթային կամ խրոնիկ այլ հիվանդություն ունի։ Այս պարագայում շոգը կարող է նպաստող գործոն դառնալ և առողջական խնդիրներ հարուցել։
«Սոմատիկ հիվանդությունների դեպքում շոգ եղանակին նույնիսկ փոքր ծանրաբեռնվածությունը կարող է ռիսակային գործոն լինել։ Բայց եթե անհատը չունի որևէ օրգան-համակարգի խնդիր կամ այլ հակացուցում, սեռական կյանքով ապրելու սահամանափակումներ չկան»- ասաց բժիշկը։
Հարցին՝ համարո՞ւմ է, որ մոլդովացի մասնագետների օրինակով հայ մասնագետները ևս պետք է խորհուրդ տան տապին «սիրով» չզբաղվել, Սևակ Հակոբյանը պատասխանեց՝ նման անհրաժեշտություն չկա։ Սիրտ-անոթային կամ այլ հիվանդություններով տառապող մարդկանց այդ մասին անհատական ձևով նախազգուցանում է հենց բուժող բժիշկը։