Մարտական հերթապահություն իրականացող զինվորների համար շատ ավելի ամուր, դիմացկուն և որակյալ համազգեստ է պետք. Արտակ Զաքարյան
«Պաշտպանության նախարարության սևեռուն ուշադրության կենտրոնում է զինվորի հանդերձանքի որակի հարցերը և մենք ամեն ինչ անում ենք, որ յուրաքանչյուր զորակոչ նոր որակի հնարավորություններ բերի մեր զինծառայողների համար»,- այս մասին այսօր կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Դիտարկմանը, թե նախորդ տարիներին եղել են դեպքեր, երբ զինծառայողներն ունեցել են ոչ որակյալ համազգեստ, կիսաճտքավոր կոշիկներ, փոխնախարարը համաձայնեց, որ նախորդ տարիներին եղել են նման դեպքեր. «Այո՛, ցավոք, եղել են նման դեպքեր: Այժմ դա մեր անմիջական ուշադրության կենտրոնում է։ Պետք է ասեմ, որ էլի զարգացնելու և լավացնելու տեղ ունենք։ Այս ուղղությամբ պաշտպանության նախարարությունում աշխատանքներ տարվում են»:
Արտակ Զաքարյանը նշեց, որ ծառայության վայրն ու բնույթը նույնպես նշանակություն ունի: Ըստ նրա՝ մարտական հերթապահություն իրականացող զինվորների համար, բնականաբար, շատ ավելի ամուր, դիմացկուն և շատ որակյալ համազգեստ է պետք, քան, օրինակ, հրետանավորների կամ ՀՕՊ ծառայությունում ընդգրկված զինծառայողների համար։
«Փորձում ենք այնպես անել, որ յուրաքանչյուր զինծառայողի ծառայության ընթացքում իրեն հատկացված հանդերձանքը և պարագաներն ունենան առավելագույն բարձր որակ և լինեն հարմար՝ կրելու և օգտագործելու տեսանկյունից»։