Հայաստանն անցում կկատարի ճանապարհային նշանների՝ միջազգայնորեն ընդունված համակարգի
Միանալով «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիային՝ Հայաստանը ստանձնում է մի շարք պարտավորություններ՝ ընդունել կոնվենցիայում նկարագրված ճանապարհային նշանների, ազդանշանների և պատկերանշանների, ինչպես նաև ճանապարհային գծանշումների համակարգը և այն ներդնել հնարավորինս կարճ ժամկետում: ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ այս մասին ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը:
Նրա տեղեկացմամբ, պարտավորություների շրջանակում է նաև ՀՀ տարածքում կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 4 տարի հետո փոխարինել կամ լրացնել ցանկացած նշան կամ գծանշում, որը կիրառվում է ոչ այն իմաստով, ինչ նախատեսված է կոնվենցիայով: Բացի այդ, ՀՀ տարածքում կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվանից 15 տարվա ընթացքում պետք է փոխարինել ցանկացած նշան կամ գծանշում, որը չի համապատասխանում կոնվենցիայով սահմանված համակարգին:
«Ինչպես նաև, պետք է միջոցներ ձեռնարկել՝ արգելելու այնպիսի ցուցատախտակների և ազդագրերի տեղադրումը, որոնք կարող են շեղել երթևեկության մասնակիցների ուշադրությունը: Ներկայումս «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիային կողմ է 65 պետություն: Վավերացնելով այն՝ Հայաստանը անցում կկատարի խորհրդային տարիներից ընդունված ճանապարհային նշանների համակարգից դեպի ավելի արդիական և միջազգայնորեն ընդունված համակարգ: Կոնվենցիան լրացուցիչ խթան կհանդիսանա ՀՀ ավտոմոբիլային ճանապարհները նշաններով և գծանշումներով առավել հագեցված դարձնելու համար»,- ասաց Գագիկ Գրիգորյանը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ Ադրբեջանը հայտարարել է՝ հնարավոր չէ երաշխավորել ՀՀ կողմից «օկուպացված տարածքներում» կոնվենցիայի դրույթների իրականացում՝ մինչև այդ տարածքների՝ «օկուպացիայից» ազատելը:
«Հայաստանն Ադրբեջանի հայտարարության դեմ ներկայացրել է իր առարկությունը՝ նշելով, որ Ադրբեջանը միտումնավոր խեղաթյուրում է Արցախյան հիմնախնդրի էությունը»,-տեղեկացրեց Գագիկ Գրիգորյանը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կոնվենցիայի դրույթներն իրականացման հետևանքով ակնհայտորեն ֆինանսական որոշակի բեռ կառաջանա:
Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանն իր հերթին ընդգծեց, որ կոնվենցիայի միանալը բխում է Հայաստանի շահերից:
Ինչ վերաբերում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին, ապա վերջինիս կարծիքով, պետք է անդրադառնալ վարորդների վերապատրաստման խնդրին:
Քննարկման վերջում քվեարկության դրվեց «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիան վավերացնելուն դրական եզրակացություն տալու հարցը: 6 «կողմ» ձայնով որոշումն ընդունվեց:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան