Փարաքարում առաջին էկո-պուրակը կբացվի
«Ապրիլի 2-ին Փարաքար գյուղում կբացվի առաջին էկո-պուրակը՝ նվիրված արցախյան ու ապրիլյան պատերազմի կենդանի հերոսներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց բնապահպան Կարինե Փանոսյանը։ Նա նշեց, որ նման պուրակ հիմնելու գաղափարն առաջացել է դեռ 2016 թվականի ապրիլից հետո։
«Երկու տարի տարածք փնտրելուց և Երևանի քաղաքապետարանի կողմից տարածք չստանալուց հետո, մենք տարածքի առաջարկ ստացանք Փարաքարի գյուղապետից։ Մարտի 31-ին տարածքում շաբաթօրյակ կանենք, իսկ ապրիլի 2-ին պուրակի բացումը կլինի, որտեղ տնկվելու են թե դեկորատիվ, թե պտղատու ծառեր»,- պատմեց բնապահպանը՝ նշելով, որ պուրակը հիմնական խնամքով կզբաղվի համայնքը։
Նա նշեց, որ պտղատու ծառերի բերքը կտրամադրվի հանրային դաշտում կարիք ունեցող խմբերին՝ մանկատներ. ծերանոցներ։
Կարինե Փանոսյանը մանրամասնեց, որ ի տարբերություն մյուս պուրակների էկո-պուրակներում բետոն, ասֆալտ, այլ շինարարական նյութեր չեն օգտագործվում։
«Էկո-պուրակը նոր մշակույթ է Հայաստանում։ Այստեղ միայն բնական նյութեր են կիրառվում, որոնք չեն հակասում շրջակա միջավայրի վատթարացմանը։ Ճանապարհները կլինեն միայն բնական քարերով, ցայտաղբյուր-հուշարձանն էլ կլինի մեկ ամբողջական քարից»,- ասաց բնապահպանը։