Գինու օրեր՝ Երևանում
Մայիսի 11, 12-ին Երևանի Սարյան փողոցում կկայանա արդեն ավանդական դարձող Գինու օրերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։ Նա նշեց, որ նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս ներկայանալ խոհանոցով, ավանդույթներով, իսկ այս տոնի շնորհիվ հայկական գինին, գինու զբոսաշրջության պոտենցիալը ներքին և միջազգային շուկային է ներկայացվում։
Միջոցառման նպատակն, ըստ Ապրեսյանի, Հայաստանը որպես զբոսաշրջության համար գրավիչ, բազմազան, դիվերսիֆիկացված զբոսաշրջային արդյունք ունեցող երկիր համաշխարհային շուկային ներկայացնելն է, շուկայում խթանելը։ Նրա խոսքով՝ նմանատիպ միջոցառումները թվարկված խնդիրները լուծելու հզոր հատկություն ունեն։
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանի խոսքով՝ միջոցառումը հնարավորություն է տալիս գինու ճյուղով զբոսաշրջությունը զարգացնել։
«Հնագույն պատմության ակունքներից են գալիս գինու և գարեջրի ավանդույթները։ Մենք կարևորում ենք այս իրադարձությունը, որը մեծ արձագանք ունի և սպասված միջոցառում է մեր մայրաքաղաքում»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքապետարանն աջակցում է այս միջոցառմանը։
«Էվենտտուրա» ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանը տեղեկացրեց՝ միջոցառումը կմեկնարկի 18։00, կավարտվի 23։00, այն միտված է գինու զբոսաշրջության զարգացմանը։ Բադալյանը հայտնեց, որ այս տարի կա կտրոն-գրքույկ, որը հնարավորություն է տալիս համտեսել 25-ից ավել գինիներ, և այցելուն այն իր հետ տանում է տուն։ Գրքույկում տեղեկություններ են գինու, արտադրողի մասին, կոնտակտային տվյալներ։ Բանախոսի համոզմամբ՝ այն թե հուշանվեր կլինի, թե հայկական գինեգործության այցեքարտ։ Գրքույկը տպագրված է երկու լեզվով՝ ռուսերեն և հայերեն։
«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի համոզմամբ՝ գինի խմելն ուղղակի սովորություն չէ, ապրելակերպ է, և միջոցառման նպատակն է առաջին հերթին բարձրացնել սպառողների մոտ գինու կուլտուրան։ Նրա խոսքով՝ գինու տուրիզմը օգնում է զարգացնել համայնքները։ Մանուկյանը նշեց, որ փորձում են հասնել այն արդյունքին, որ Գինու կոնֆերանս կանցկացվի Հայաստանում։ «Մենք ունենք հնարավորություն որակյալ գինիներով աշխարհը տիրել, Հայաստանը կարող է ներկայանալ իբրև կոնյակի և գինու երկիր»,- ասաց նա։
Մանուկյանը տեղեկացրեց՝ իրենք ամիսներ շարունակ աշխատել են, որ տարբեր երկրներից զբոսաշրջիկներ ներկա լինեն, և հայաստանյան բոլոր տուրօպերատորները հատուկ փաթեթներ են առաջարկել զբոսաշրջիկներին։ Նրա կանխատեսմամբ՝ այս տարի նախորդ տարվա համեմատ տոնին մասնակից զբոսաշրջիկների թիվն ավելի մեծ կլինի, քանի որ նախորդ տարի փառատոնն առաջին անգամ էր անցկացվում, և ոչ բոլոր տուրօպերատորներն էին համարձակվել վաճառել նման փաթեթներ։