Փաշինյան. Ասվածի մեջ ոչ մի սենսացիոն բան չկա
«Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետն ասում է՝ պետք է Արցախը բանակցող կողմ լինի, և դրա հետ կապված ասում է, որ բանակցությունների խոչընդոտի պատասխանատվությունն ընկնում է ՀՀ վարչապետի վրա»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը՝ սրա վերաբերյալ ցանկանոլվ լսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը։
Փաշինյանը նշեց, որ բազմիցս պատրաստակամություն է հայտնել ներգրավվել լիարժեք բանակցային գործընթացի մեջ և ասել, որ իրավասու է համարում իրեն բանակցել ՀՀ անունից, քանի որ ՀՀ վարչապետն է։
«Իրավասու չեմ համարում ինձ բանակցել Արցախի հանրապետության անունից, քանի որ Արցախի նախագահը և վարչապետը չեմ։ Շատ կարևոր է արձանագրել, որ Արցաի ժողովուրդը չի մասնակցում ՀՀ-ում իշխանության ձևավորմանը, քանի որ նրանք ունեն իրենց սեփական իշխանությունը, իրենց կառավարությունն ու ԱԺ-ն, նախագահը, որը և իրավասու է բանակցել ԼՂՀ անունից»,- ասաց նա։
Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ասվածի մեջ, ըստ էության, ոչ մի սենսացիոն բան չկա, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունում նաև ընդգծվում է Արցախի վերջնական կարգավիճակի առումով Արցախի ժողովրդի կամարտահայտման անհրաժեշտությունը, և այդպիսով արձանագրված է Արցախի հակամարտության կողմ լինելու հանգամանքը։
«Շատ պարզ հարց ենք դնում մենք։ Մենք ասում ենք, ուղղակի բանակցելու՞, թե՞ հարցը լուծելու համար։ Եթե բանակցում ենք հարցը լուծելու համար, ինչպես ենք պատկերացնում հարցի լուծումը, առանց հակամարտության կողմի։ Քանի դեռ չի արձանագրվել Արցախի ժողովրդի ներկայացուցչի ներգրավման անհրաժեշտությունը, նշանակում է՝ մենք չենք մոտեցել ընդհանրապես հարցի կարգավորմանը»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում է այն ռազմաշունչ մթնոլորտը, որը հաստատվում է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունների և հռետորաբանության պատճառով։
«Ես վերահաստատում եմ բանակցությունների գործընթացին լիարժեք ներգրավվելու պատրաստակամությունս և չկա դեպք, որ առաջարկվել է բանակցել և Հայաստանը հրաժարվել է դրանից»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ հունիսի 14-ին ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը առաջարկեց իրեն ու Ալիևին ծանոթացնել. «Ես առաջարկն ընդունեցի, մենք ծանոթացանք, որևէ բովանդակային քննարկում տեղի չունեցավ։ Կարծում եմ, եթե մենք հրաժարվեինք որևէ կառուցողական առաջարկ քննարկել, հենց ի սկզբանե կսկսեինք»։