Եկամտային հարկի դրույքաչափերը կնվազեն, ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը կբարձրանա
Տնտեսություն
15:00 04/12/2018
Հայաստան

Եկամտային հարկի դրույքաչափերը կնվազեն, ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը կբարձրանա

Հարկային օրենսգրքի փոփոխություններով 2019 թվականին Հայաստանում անցում կկատարվի եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Պողոսյանը, նախատեսվում է եկամտային հարկի դրույքաչափը սահմանել 23 տոկոս, այնուհետև մինչև 2023 թվականն այն աստիճանաբար նվազեցնել 20 տոկոսի:

«Նախագծով հստակ ամրագրված է, որ չենք սահմանափակվելու 23 տոկոս եկամտային հարկով, և մինչև 2023 թ-ը նախատեսվում է եկամտային հարկի դրույքաչափը հասցնել 20 տոկոսի»,- ասաց նա:  

Այսպիսով, ըստ Արման Պողոսյանի, 3-4 տարիների ընթացքում եկամտահարկի մինչև 20 տոկոս նվազման դեպքում՝ կվերականգնվի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի կողմից կատարվող սոցիալական վճարի նախկին՝ 5 տոկոս մասնաբաժինը: Նշենք, որ ներկայումս քաղաքացին կուտակային կենսաթոշակի հատկացումների համար վճարում է 2.5 %, իսկ պետությունը՝ 7.5 %:

Փոխնախարարը նշեց նաև, որ եթե  Ազգային ժողովը Հարկային օրենսգրքի փոփոխությունները հաստատի 2019թ-ի հունվար-փետրվարին, ապա այն հավանաբար կկիրառվի սեպտեմբերի 1-ից:

Հիշեցնենք, որ եկամտահարկի գործող դրույքաչափերը ներկայում հետևյալն են՝ մինչև 150 000 դրամ աշխատավարձի դեպքում հարկվում է 23 %, 150 000-2 մլն դրամի դեպքում՝ 28%, 2 մլն դրամից ավելիի դեպքում՝ 36 %:

Արման Պողոսյանը տեղեկացրեց, որ Հարկային օրենսգրքի փոփոխությամբ նախատեսվում է նաև 2020 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար 2 տոկոսային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը և սահմանել 18 տոկոս:

Շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով՝ 2019 թվականի հուլիսի 1-ից սկսած նախատեսվում է նաև բարձրացնել ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը:

Այսպիսով,  առաջարկվում է բարձրացնել օղու և էթիլային սպիրտի նվազագույն իրացման գներ՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ, բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը: Ընդ որում, 2019 թվականի հուլիսի 1-ից ընդլայնվելու է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ 5 և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները:

Փոփոխություններով առաջարկվում է նաև 2020 թվականի հունվարի 1-ից վերանայել 301 և ավելի ձիաուժ ունեցող մեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմանելով 150 դրամ:

Placeholder
Եկամտային հարկի դրույքաչափերը կնվազեն, ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը կբարձրանա