Զիջումներ եղել են 90-ականներին. Վիտալի Բալասանյան
Քաղաքական
12:31 28/01/2019
Հայաստան

Զիջումներ եղել են 90-ականներին. Վիտալի Բալասանյան

«Երբ խոսում են բանակցությունների մասին, դրանք պետք է պաշտոնական փաստաթղթի շուրջ արվի»,- այս մասին  այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններին:

Նրա խոսքով՝ այսօր բանակցությունները բանավոր են գնում։ «Նրանք, որոնք խոսում են, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, ես համոզված եմ, հորդորում և առաջարկում եմ, որ համապատասխան ինստիտուտները, համապատասխան երկրների ղեկավարները տարածաշրջանում կնքեն խաղաղության պայամանագիր։ Եթե մենք չունենք խաղաղության պայմանագիր, չունենք այդ փաստաթուղթը, որը կճանաչի միջազգային հանրությունը, ինչի՞ մասին է խոսքը՝ ժողովուրդներին պատրաստել խաղաղության։ Հիմա ես հարց եմ տալիս՝ ժողովուրդ, դուք պատրաստվո՞ւմ եք խաղաղության: Մենք հո կռվարար ժողովուրդ չենք, մենք միշտ էլ խաղաղության պատրաստ ենք եղել, չենք հրահրել»,- նշեց Վիտալի Բալասանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը և այն ժամանակ ԼՂԻՄ-ը պարտադրված մտել են պատերազմի մեջ, հայտնվել շրջափակման մեջ. «Մենք ընդունել ենք մեզ պարտադրված պատերազմը»:  

Ըստ նրա՝ փաստաթուղթ է պետք, որ Հայաստանում, Արցախում, Ադրբեջանում ապրող ժողովուրդը, Ռուսաստանում ապրող հայերն ու ադրբեջանցիները իմանան, թե ինչի մասին է խոսքը:  «Իհարկե, այստեղ որևէ մեկը չի ուզում, որ պատերազմ լինի, բայց պատրաստվելու համար մեզ փաստաթուղթ է պետք: Պետք է Մինսկի խմբի հովանու ներքո կնքվի խաղաղության այդ պայմանագիրը»,- ընդգծեց Վիտալի Բալասանյանը՝ հավելելով, որ բանավոր բոլոր խոսակցությունները բերելու են ամենավատ վիճակին, քաղաքականության մեջ բանավոր հարցեր չեն լուծում:

Հարցին, թե արդյոք Ստեփանակերտի համար կարող է ընդունելի տարբերակ լինել  Արցախի որևէ կարգավիճակի դիմաց տարածքային զիջումների գնալը, Արցախի ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Միանշանակ ասեմ՝ ոչ: Արցախի ժողովուրդը, համայն հայությունը պատրաստ  չէ որևէ տարածքային զիջումների ինչ-որ բանի դիմաց: Զիջումներ եղել են 90-ականներին,  մենք չենք զիջե՞լ 2016-ի ապրիլին , երբ հայկական կողմը պատրաստ էր հակահարձակողական օպերացիաների: Դա զիջում չէ՞ր»:

Դիտարկմանը, թե բանակցությունների ֆոնին ինչպիսի տրամադրություններ են Արցախում,  Վիտալի Բալասանյանն ասաց, որ Արցախում  որևէ լարվածություն չկա․ «Որևէ մեկը պետք չէ մտահոգվի, հերթական բանակցություններ են, դրանք պարտադիր են և պետք են, կարող է մի օր դրական, մի օր բացասական պատասխան լինեն, մտահոգվելու որևէ բան չկա։ Այնպես չէ, որ հայկական երկու հանրապետությունների Զինված ուժերը շատ թույլ են, այսօր, ավելի քան երբևէ, հայոց զինված ուժերը հարուստ են»։

Placeholder
Զիջումներ եղել են 90-ականներին. Վիտալի Բալասանյան