Դավիթ Անանյանը՝ հարկային եկամուտների, ՀԴՄ կտրոնների ավելացման մասին
2019 թվականի առաջին եռամսյակում փաստացի հարկային եկամուտները կազմել են 296,5 մլրդ դրամ, այսպիսով, ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 4%-ով կամ 11,4 մլրդ դրամով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
ՊԵԿ նախագահը նշեց, որ այս տարվա հունվար-մարտին 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ հարկային եկամուտներն ավելի են 55.5 մլրդ-ով կամ 32.8%-ով, մաքսային եկամուտները՝ 2.8 մլրդ-ով կամ 4.1%-ով:
Դավիթ Անանյանը հայտնեց, որ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ անցումային գերավճարը կամ հարկ վճարողների նկատմամբ ունեցած պարտքը կազմել է 132.7 մլրդ դրամ, 2019 թ-ի հունվարի 1-ի դրությամբ՝ 21.5 մլրդ, 2019-ի ապրիլի 1-ի դրությամբ՝ 15.4 մլրդ դրամ:
ՊԵԿ նախագահն անդրադարձավ նաև ՀԴՄ կտրոններին: Ըստ նրա՝ նախկինում ներկայացվել է, որ 2019 թվականի հունվար-փետրվարին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տրամադրված ՀԴՄ կտրոնների քանակն աճը է աննախադեպ. շուրջ 12.3 մլն կտրոն ավելի է տրամադրվել։ 2019 թվականի 1-ին եռամսյակի համար ամփոփված տեղեկատվությունը ևս հաստատում է ՀԴՄ կտրանների աճի միտումը, մասնավորապես, 2019թ. մարտ ամսվա համար աճի տեմպը ոչ միայն պահպանվել է, այլև՝ էականորեն բարձրացել է:
«Մարտին 8 մլն 361 հազար հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել նախորդ տարվա մարտի համեմատ: Եռամսյակի համեմատ 20 մլն 710 հազար ավելի ՀԴՄ կտրոն է տպվել և դրանցով կատարվել է 55.1 մլրդ դրամի շրջանառություն»,- նշեց Դավիթ Անանյանը:
Ըստ նրա՝ լուրեր են շրջանառվում, որ 2019 թ-ի հունվարի 1-ից պարտադիր է դարձել ՀԴՄ կիրառումը նաև մինչև 58 մլն շրջանառություն ունեցող հարկ վճարողների համար: Հետևաբար, կան խոսակցություններ, որ ավելի տպված ՀԴՄ-ները կարող են ուղղակի ավելացված ՀԴՄ-ների արդյունք լինել:
«Թեև այդ փաստարկի մեջ կա որոշակի տրամաբանություն, բայց մի քիչ ավելի ազնիվ լինենք և ասենք, որ այս պահի դրությամբ 12 հազար ՀԴՄ հայտ է բավարարվել, որից շուրջ 3000-ը չեն գալիս ստանալու հարկային մարմնից, քանի որ մենք հայտարարել ենք, որ այն տնտեսվարողները, որոնք հայտ ներկայացրած կլինեն նոր սերնդի ՀԴՄ ստանալու համար, բայց դեռ չեն ստացել, մենք ձեռնպահ կմնանք այնտեղ կոշտ վարչարարություն իրականացնելուց: Հիմա այդ 3000 տնտեսվարողն, ունենալով հին սերնդի ՀԴՄ, հայտը ներկայացրել են, որը բավարարվել է, բայց նոր սերնդի ՀԴՄ նրանք չեն ստանում»,- ասաց Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով՝ ի տարբերություն հին սերնդի ՀԴՄ-ի, նոր սերնդի ՀԴՄ-ն շատ ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում հարկային մարմնին վարչարարություն իրականացնելու համար: Հետևաբար, ըստ Դավիթ Անանյանի, հավանաբար հանդես կգան մեկ այլ հայտարարությամբ, որ այն տնտեսվարողները, որոնք հայտ են ներկայացրել, սակայն դեռևս իրենց հայտը բավարարված չէ, նրանց մոտ խիստ վարչարարություն չեն կիրառի, իսկ այն հարկ վճարողները, որոնց հայտերը բավարարված են, կհորդորեն գալ ու այդ ՀԴՄ-ները ստանան:
Միաժամանակ ՊԵԿ նախագահն ասաց, որ 2019 թ-ի հունվարի 1-ից պարտադիր է դարձել նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը փոքր հարկ վճարողների համար: «Նույնիսկ եթե մենք վերցնենք այդ 12 հազար տնտեսվարողին, կարծում եմ, որ դուք էլ կհամաձայնեք՝ մինչև 58 մլն դրամի շրջանառություն ունեցող հարկ վճարողները չէին կարող իրենց գործունեությամբ ապահովել միլիոնավոր ՀԴՄ-ների ավելի տպում»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան