ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՌՈՔ ԽՄԲԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԲԱՔՎԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ
Բրիտանական «Iron Maiden» ռոք խմբի բլոգում զետեղվել է «Խոչընդոտ` ճանապարհին» (Rod on the Road) վերտառությամբ մի գրառում, որտեղ խմբի անդամները ներկայացրել են, թե ինչ սկանդալի մեջ են հայտնվել Բաքվի օդանավակայանում եղած ժամանակ, և թե ինչ մակարդակի է այդ երկրում սպասարկման ոլորտը:
Համերգների նպատակով Հնդկաստան ուղևորվելիս խումբը տեղափոխող օնքնաթիռը վերալիցքավորվելու նպատակով կանգ է առել Բաքվի օդանավակայանում: Ահա այստեղ տեղի ունեցածն էլ իր օրագրում նկարագրում է խմբի մենեջեր Ռոդ Սմոլվուդը:
«Մինչ օդանավը լիցքավորվում էր, ներս մտավ մի մարդ, որը վառելիքի և մնացած ծառայությունների արժեքից բացի, պահանջում էր ինչ-որ գումար` «լրացուցիչ ծառայությունների» համար: Բրյուսը հարցրեց, թե ի՞նչ ծառայության համար պետք է վճարենք, իսկ այդ մարդը պատասխանեց` «եղանակի մասին տեղեկանքի համար»: Բայց Բրյուսը պատասխանեց, որ իրենք նման տեղեկանք ոչ պատվիրել են, և առավել ևս, ոչ էլ ստացել: Աշխատակիցներն անհասկացողի տեսք ընդունեցին այն դեպքում, երբ մի քանի րոպե առաջ ստորագրություն էին խնդրում: Պետք է նկատեմ, որ այդ շրջագայությունն ինձ ավելի շատ հիշեցնում է Վայրի Արևմուտք կատարած ճանապարհորդություն: Մենք 200 փոքր տարաներով գարեջուր պատվիրեցինք, նրանք բերեցին ու… պահանջեցին 1600 դոլար: Պատկերացնո՞ւմ եք, մեկ շիշը 4 ֆունտ, և դա «դյութի-ֆրի» խանութում: Բրյուսի յորքշիրյան արյունը սկսեց եռալ, և նա խորհուրդ տվեց այդ մարդկանց` իրենց գարեջրի հետ միասին գրողի ծոցը գնալ: Մենք ժլատ չենք, բայց թույլ չենք տա, որ որևէ մեկը ծիծաղի մեզ վրա: Կասկածում եմ, որ «Iron Maiden» խումբը կարող է երբևէ համերգներով հանդես գալ Ադրբեջանում: Նույնիսկ լիցքավորումը նախատեսվածից 40 րոպեից ավել տևեց»,- պատմել է խմբի մենեջերը:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, այս միջադեպը միակը չէ: Բաքվի օդանավակայանում բազմաթիվ են նմանօրինակ դեպքերը, երբ վարչական քաշքշուկների պատճառով օտարերկրացիներից պահանջվում են ողջամտության սահմանները հատող մաղարիչներ ու հավելավճարներ: Հիշենք թեկուզ բուլղարական «Լևսկի» ֆուտբոլային թիմի հետ տեղի ունեցածը, երբ Բաքվի օդանավակայանից չարտերային թռիչքը թույլ տալու համար տեղի իշխանությունները քսան հազար եվրոն գերազանցող հավելավճար էին շորթել:
Այս առնչությամբ եղած դժգոհություններն Ադրբեջանում էլ քիչ չեն: Տեղական «Թուրան» գործակալության գնահատականն ինքնին խոսուն է.
«10 տարի առաջ Հեյդար Ալիևը հատուկ խորհրդակցություն անցկացրեց, որտեղ սուր քննադատության ենթարկեց Բաքվի օդանավակայանի աշխատանքը: Խորհրդակցության պատճառ էին դարձել օտարերկրյա հյուրերի բազմաթիվ դժգոհությունները` կապված շորթումների ու ծառայությունների սարսափելի որակի հետ: Ակնհայտ է, որ այն ժամանակվանից ի վեր ոչինչ չի փոխվել` բացի օդանավակայանի անունից»:
Ասվածին որևէ բան հավելել չէրժե: Միայն նկատենք, որ օդանավակայանը` երկրի շատ ու շատ հաստատությունների օրինակով, այլևս կրում է Հեյդարի Ալիևի անունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին