Ա. Շաքարյան. Հայ հասարակությունը պետք է աշխատի փոխել թուրք հասարակության կարծիքը
«Հայ հասարակությունը պետք է աշխատի փոխել թուրք հասարակության կարծիքը, որպեսզի նրանք իսկապես ցանկանան հարաբերություններ հաստատել մեզ հետ, այլապես հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը մեռած է»,- ասուլիսում նման կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Ըստ նրա, հիմնական խնդիրը պետք է լինի ոչ թե Անկարայի հետ հարաբերությունների բարելավումով հասնել արձանագրությունների վավերացմանը, այլ պետք է թուրք հասարակության հետ աշխատելով հասնել նպատակին: Միաժամանակ թուրքագետն ասաց, որ մտածելակերպի փոփոխությունը չի կարող տեղի ունենալ մեկ տարում, այլ անհրաժեշտ է 2-4 տարի: Ըստ նրա, սրան հասնելու համար հարկավոր է անմիջական շփումներ թուրքերի հետ:
Մարտի 25-26-ը Եվրասիա համագործակցության հիմնադրամը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Երևանում կազմակերպել էր հայ-թուրքական հանդիպում, որին մասնակացել են Թուրքիայում կարծիք ստեղծող մարդիկ` լրագրողներ, վերլուծաբաններ, նախկին դեսպաններ, նախկին գեներալ: Հայկական կողմից մասնակցել են կրկին լրագրողներ, վերլուծաբաններ, նախկին պաշտոնյաներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունները. արդյո՞ք Ղարաբաղը կամ Հայոց ցեղասպանությունը նախապայման են այս գործընթացում:
«Հայկական կողմը կարողացավ ուղիղ տեսքով հայտնել թուրք հասարակությանն այն մասին, թե ինչ են սպասում Թուրքիայից: Հայերը սպառնացին, որ եթե մինչև ապրիլի 12-13-ը Թուրքիան որևէ քայլ չանի, ապա հայկական կողմը հետ կկանչի իր ստորագրությունը: Թուքիայում այս երկու օրերին հրապարկված հոդվածները ցույց են տալիս, որ ուղերձը հասել է իր նպատակակետին»,- ասաց Ա. Շաքարյանը: Իսկ հայկական կողմն էլ թուրքերի հետ շփումների արդյունքում հասկացել է, որ լավ չեն ճանաչում թուրքերին:
Նա տեղեկացրեց, որ հունիսի սկզբին լինելու է պատասխան այց, որի ընթացքում քննարկվելու է, թե ինչ կատարվեց ապրիլին: