Ո՞վ հաղթեց Աղթամարի քարոզչական պատերազմում` հայե՞րը, թե՞ թուրքերը
Թուրքիայի կառավարության սպասելիքները չարդարացան. չհաջողվեց աշխարհի չորս կողմից ակնկալվող հազարավոր ուխտավորների բազմություն ապահովել սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում գրեթե մեկ դար հետո մատուցված առաջին պատարագին: Միայն մի քանի հարյուր հայեր մասնակցեցին այդ արարողությանը` առավելապես Ստամբուլից:
Թուրքիան չարաչար ձախողվեց` փորձելով մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, թե իբր հանդուրժող և բարյացակամ է հայերի նկատմամբ: Ի վերջո, ակնհայտ դարձավ, որ թուրք ղեկավարներն ավելի շատ շահագրգռված էին քաղաքական շոուի կազմակերպմամբ, քան հազարամյա պատմություն ունեցող հայկական սրբավայրում կրոնական արարողության թույլտվությամբ:
Երեք տարի առաջ գրված մի հոդվածում ես քննադատել էի Թուրքիայի կառավարությանը` Սուրբ Խաչ եկեղեցին պետական թանգարանի վերածելու համար: Այդ ժամանակ ես կոչ էի արել թուրքական իշխանություններին առաջին` խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին, երկրորդ` այն դարձնել եկեղեցի և ոչ թե թանգարան` թույլատրելով Սուրբ պատարագի կանոնավոր մատուցում, և երրորդ` եկեղեցին որպես սեփականություն վերադարձնել Պոլսո Հայոց պատրիարքությանը` Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության ենթակայությանը հանձնելու փոխարեն:
Այս տարվա սկզբին Թուրքիայի կառավարությունը խոստացել էր խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին և թույլ տալ այնտեղ ծառայություններ կատարել սեպտեմբերի 19-ին: Ես կոչ արեցի հայերին չմասնակցել այդ միջոցառմանը, քանզի գիտակցում էի, որ թուրքական իշխանությունների իսկական մտադրությունը կրոնական արարողությունների քողի տակ քաղաքական շոու բեմադրելն էր:
Հայկական շրջանակներում ներքին բուռն բանավեճ ծավալվեց եկեղեցական արարողությունը բոյկոտելու կամ դրան մասնակցելու վերաբերյալ: Թուրքիայի չարամիտ ծրագրերը բացահայտող հոդվածները չկարողացան կարգավորել բանավեճը: Դրությունն էլ ավելի վատթարացավ, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հայտարարեցին, որ մտադիր են ներկայացուցիչներ ուղարկել Աղթամարի եկեղեցի, թեև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը հրաժարվել էր մասնակցել:
Ի վերջո, բախտը ժպտաց, երբ մեզ օգնության հասավ թուրքական կառավարությունը: Նախատեսված արարողությունից մի քանի շաբաթ առաջ թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ անհնար է խոստացված խաչը տեղադրել եկեղեցու գմբեթին` «տեխնիկական դժվարությունների» անհեթեթ պատճառաբանությամբ:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը երկընտրանքի առաջ էր կանգնած: Եթե նա թույլ տար խաչը տեղադրել եկեղեցու գմբեթին, ապա կարժանանար համաշխարհային հանրության գնահատանքին, սակայն վճռորոշ ձայներ կկորցներ սեպտեմբերի 12-ի սահմանադրական բարեփոխումների թեժ հանրաքվեում:
Ի վերջո, խաչը փրկեց կացությունը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չեղյալ հայտարարեց Աղթամար ներկայացուցիչներ ուղարկելու իր որոշումը: Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հետևեց Սուրբ Էջմիածնի օրինակին: Տուրիստական գործակալությունները ևս չեղյալ համարեցին Վանա լիճ մեծ թվով հայ ուխտավորներ հասցնելու ձեռնարկած ուղևորությունները: Արդյունքում Թուրքիան տանուլ տվեց քարոզարշավը և զգալի եկամուտներ կորցրեց:
Սեպտեմբերի 19-ից մի քանի օր առաջ վարչապետ Էրդողանի գրասենյակը ներկաների թիվն ավելացնելու նպատակով մի վերջին ճիգ գործադրեց` հրավերներ ուղարկելով hայկական լրատվամիջոցներին` առաջարկելով վճարել նրանց ուղևորության հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում` ավիատոմսերի, հյուրանոցի և սննդի: Նման հրավերներ ստացան ևս հիսուն հայ մեկնաբաններ ու վերլուծաբաններ, սակայն բոլորն էլ հրաժարվեցին գնալ, քանի որ Թուրքիան մերժել էր խաչը տեղադրել եկեղեցու գմբեթին:
Թուրքերը, անգիտակցաբար, հայերի մեծ մասին ստիպեցին ճիշտ քայլ կատարել և չեղյալ համարել Սուրբ Խաչ իրենց այցելությունը: Հետաքրքիր է, որ թուրքական կառավարությունը նույն կերպ վարվեց, երբ հրաժարվեց վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները` դրա շնորհիվ պաշտպանելով Հայաստանի շահերը:
Մինչ հայկական հասարակական, քաղաքացիական խմբերը և որոշ կուսակցություններ դեմ էին արտահայտվում Աղթամարի թուրքական ծրագրերին, Հայաստանի կառավարությունը զարմանալիորեն լուռ էր: Թուրքիան անհայտ պատճառներով հայ պաշտոնյաներին չհրավիրեց Սուրբ Խաչի արարողությանը: Հաշվի առնելով հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ Անկարայի ամոթալի խաղերն ու ֆուտբոլային դիվանագիտության հետագա տապալումը` թվում է, թե Հայաստանի ղեկավարները այնքան էլ ցանկություն չունեին միանալ թուրքերի մեկ այլ խորամանկ հնարքի:
Ցավոք, Աղթամար գնալու շուրջ վիճաբանություններում հայերը շատ ժամանակ ու եռանդ վատնեցին: Այդ տարաձայնությունները խանգարեցին նրանց բողոքի ցույցեր կազմակերպել խոշոր մայրաքաղաքներում և աշխարհին իրազեկել թուրքական երկարամյա գազանությունների, հազարավոր եկեղեցիների ավերման ու պատմական Հայաստանի հողերի բռնազավթման մասին:
Սակայն խաչը չտեղադրելու պատճառով արարողության բոյկոտումը գրավեց միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը: Ճակատագրի հեգնանքով թուրք պաշտոնյաներն էլ ավելի աջակցեցին իրենց գործի ձախողմանը` խաչը թողնելով գետնի վրա, Սուրբ Խաչ եկեղեցու կողքին` ի տես հանրության և լրատվամիջոցների տեսախցիկների:
Այժմ Թուրքիայի կառավարությունը խոստանում է վեց շաբաթվա ընթացքում խաչը տեղադրել եկեղեցու գմբեթին: Անկախ այն բանից, թե Թուրքիան ինչ է պատրաստվում անել խաչի հետ, հայերը պետք է հետամուտ լինեն իրենց ինքնուրույն գործողությունների կատարմանը, այլ ոչ թե պարզապես հակազդեն թուրքական իշխանությունների ճղճիմ խաղերին:
Այս պահին, այն միակ հայտարարությունը, որ հայերն ուզում են լսել Անկարայից` Սուրբ Խաչ եկեղեցին Պոլսո Հայոց պատրիարքությանը վերադարձնելն է:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.՝ Ռ.Ավագյանի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան