Ա. Զաքարյանի պատասխանն Ադրբեջանի նախագահին
Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հանդես է եկել տարօրինակ հայտարարությամբ, որի ժամանակ նշել է, որ ոչ միայն Արցախը, այլ Զանգեզուրը, Երևանը, Սևանն Ադրբեջանի պատմական տարածքներն են: Վերջինս մեղադրական խոսքեր է հնչեցրել Ստեփան Շահումյանի հասցեին և հպարտությամբ նշել, որ իր հրամանով ապամոնտաժվել է 26 կոմիսարների հուշարձանը:
Այս և մի շարք հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:
«Ադրբեջանի “վաստակավոր ուսուցիչ” Գիյաս Գուլիև մալլումի բարձր հովանու ներքո, Եվլախի դպրոցի բացման արարողությունը վերածվեց մի անօրինակ “հայրենասիրական” շոուի, որի ժամանակ կեղծ տեղեկատվություն տարածելու գործում ինքն իրեն հերթական անգամ գերազանցեց Ալիև կրտսերը: Ցավոք մարդու հիվանդ երևակայությունը չունի սահմաններ և հետևաբար չունի նաև պատասխանատվության անհրաժեշտ մակարդակ: Այդպիսին էին օրինակ Հիտլերի նացիստական բոցաշունչ ելույթները, այդպիսին էր երիտթուրքերի այլատյացության քարոզչությունը, նույն Ադրբեջանում այդ ոգով էին ելույթ ունենում հետխորհրդային այն առաջնորդներն ովքեր սանձազերծեցին պատերազմ և արյունահեղություն: Իսկ ինչո”ւմ են մեղավոր ադրբեջանական նոր սերունդները, որոնք արդեն դպրոցական նստարանից պետք է զոհ դառնա կաղծիքի և ստի վրա կառուցված մի քարոզչության, որը Ալիևը կոչում է հայրենասիրություն, իսկ քաղաքակիրթ աշխարհում նման երևույթները կոչվում են տգիտություն և զեղծարարություն: Ինչ դասական հիմարություններ պետք է հորինեն ադրբեջանական ուսուցիչները, որ կարողանան իրենց սաներին ապացուցեն, որ իրենք ոչ թե ընդամենը մեկդարյա եկվորներ են, այլ գոնե Բաքվի և նրա հարակից շրջանների իրական բնիկները: Չէ որ չափից դուրս քիչ են պատմական վկայությունները, եղածներն էլ շատ թարմ են և Սովետական միության պարգևն են»,- նշեց պատգամավորը:
Նրա խոսքերով՝ Ալիև կրտսերը մոռանում է, որ այդ նույն Ստեփան Շահումյանի և իր զինակից ընկերների ձեռքով կառուցված Ադրբեջանի սոցիալիստական հանրապետությունն է, որ ի վերջո հնարավորություն է տվել մարդամեջ դուրս գալ նաև Ալիևների ընտանիքին:
«Միթե աշխարհի 17 համալսարանների պատվավոր դոկտորը և Իշխան Յարոսլավ իմաստունի առաջին աստիճանի շքանշանակիրը չունի այնքան իմաստնություն, որ չի կարելի դեմ դուրս գալ համաշխարհային պատմությանն ու բազմահազար աղաղակող փաստերին, չի կարելի անտեսել կենդանի պատմամշակութային վկայությունները և չի կարելի կտրել այն ճյուղը, որի վրա նստած ես: Միթե Ալիևը չի գիտակցում, որ այդ նույն աշակերտը, ապագայում, երբ ուսումնառության մեկնի Ադրբեջանից դուրս ուր հարյուրավոր հայագիտական կենտրոններ ու ամբիոններ կան, իր սովորած կեղծ պատմության պատճառով ծիծաղի առարկա է դառնալու:
Բնականաբար Եվլախում որևէ մեկը չէր հանդգնի բարձրաձայն հակառակվել Ալիևին, և ադրբեջանցի աշակերտների փոխարեն ես եմ ցանկանում մեկ հարց ուղղել նրան. hնարավո՞ր է արդյոք, որ Ալիևի պապերը կառուցած լինեն ասենք պատմական Բախք-Քաշունք-Բարգուշատ (1964 թ-ից Կուբաթլուի շրջան), Կովսական (1930 թ-ից Զանգելանի շրջան), Պարտավ (1930 թ-ից Թարթառի և Բարդայի շրջաններ) գավառների, Տիգրանակերտի (1930-ից Աղդամի շրջան), Կարյագինոյի (1959թ-ից Ֆիզուլիի շրջան), Դիզակ գավառի հարավային հատվածի (1930թ-ից Ջեբրայիլի շրջան) ընդհանուր թվով մոտ երեք տասնյակից ավելի եկեղեցիներն ու վանքերը, շուրջ մեկ տասնյակ բերդերը, հարյուրավոր հնեաբանական հուշարձաններն ու խաչքարերը»,- ասաց Ա. Զաքարյանը:
Այնուհետև քաղաքական գործիչը հավելեց. «Իսկ եթե Ալիևն ու Գուլիևը մեկական բահ վերցնեն ու սկսեն փորել Ադրբեջանի ընդերքը, վստա՞հ են արդյոք, որ պատմական տարբեր ժամանակաշրջանների պատկանող նոր գտածոներով չեն հարստացնի հայկական հնեաբանական գանձարանը: Թե Ֆիզուլի քաղաքի մոտակայքում գտնվող Գարաքեպաք թեփե կոչվող բլուրի վրա 1964թ. սկսված և անմիջապես ավարտված պեղումներն արդեն վկայում են, որ Ադրբեջանի տարածքում չի կարելի պեղումներ անել, որովհետև ամենուր կարող են ի հայտ գալ հայկական հետքեր»: