Վ. Աթանեսյան. Խորհրդարանական ընտրություններ՝ հայտնի ելքով
«Ես չեմ կարծում, որ Ադրբեջանում ընտրություններ են տեղի ունենալու, որովհետև եթե մի երկրում կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) և վիճակագրական պետական կոմիտեի տվյալների մեջ 1.5 մլն մարդու տարբերություն է հայտնաբերվում, իսկ դա արդեն փաստ է, ապա նման երկրում քվեարկություն` որպես այդպիսին, չի լինի»,- անդրադառնալով Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրականացվող ընտրական գործընթացին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Իսկ ինչ վերաբերվում է բուն նախընտրական ժամանակաշրջանին, ապա ԼՂՀ ԱԺ պատգամավորը նշեց, որ ընդդիմության ներկայացուցիչների գերակշիռ մասին Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես թեկնածու ընդհանրապես չի գրանցել:
«Օրինակ՝ «Մուսավաթ-Ժողճակատ» ընդդիմադիր դաշինքը նախապես ԿԸՀ էր ներկայացրել շուրջ 100 թեկնածուի անուն, սակայն ԿԸՀ-ն այդ թեկնածուներից «տարբեր պատճառներով» մոտ 30-ին է գրանցել և դա այն դեպքում, որ իշխանության ներկայացրած ընտրական ցուցակից ընդամենը երկու թեկնածուի դիմում է մերժվել: Սա նշանակում է, որ ամեն ինչ կանխորոշված է, և տեղերը բաշխված է ըստ հաղթանակների»,- նշեց Վ. Աթանեսյանը:
Պատասխանելով Panorama.am-ի այն հարցին, թե կարելի՞ է արդյոք համեմատության մեջ գնահատել Ադրբեջանում և ԼՂՀ-ում ընթացող ընտրական գործընթացները՝ արցախցի պաշտոնյան ասաց.
«Երկու պետություններում սկզբունքորեն անհամեմատելի ընտրական գործընթացներ են տեղի ունենում: Պետք է սպասել այնտեղ կայանալիք ընտրություններին, դրան՝ միջազգային դիտորդական կազմակերպությունների ու կառույցների գնահատականներին: Ի դեպ, Ադրբեջանի ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացնում գրեթե այն նույն կազմակերպությունները, որոնք առաքելություն են իրականացրել նաև Արցախում և ոչ պաշտոնական մակարդակով բարձր գնահատկանի են արժանացրե մեր երկրում իրականացվող ընտրությունները»:
Նա հիշեցրեց, որ միջազգային հանրությունն ականատես է եղել, թե ինչպիսի թափանցիկության, օրինականության, ժողովրդավարության մակարդակով է ընթացել Արցախում կայացած տարբեր նշանակության ընտրությունները:
Պատասխանելով Panorama.am-ի այն դիտարկմանը, թե ոչ ժողովրդավարական Ադրբեջանը հավակնում է տիրապետել տարածաշրջանի լավագույն ժողովրդավարական համակարգը կերտած ժողովրդին՝ Վ. Աթանեսյանը պատասխանեց. «Սա միջնորդների, միջազգային կառույցների խնդիրն է, որոնք, գիտակցելով նաև այս իրողությունը, փորձում են կողմերին առաջարկել կարգավորման մի հայեցակարգ, որտեղ Արցախի՝ Ադրբեջանին պատկանելիությունը որևէ ձևով չի կանխորոշվում, այլ խնդիրը թողնվում է ԼՂՀ ժողովրդի ազատ կամքի արտահայտությանը: