Ադրբեջանահայերի Աղվանք հանրապետությունը` յուրօրինակ «message»
«Ադրբեջանահայությունը` լինելով ադրբեջանական ժառանգության իրավահաջորդը, Հայոց Աղվանք անկախ ու ինքնիշխան հանրապետության ստեղծման սկիզբն ազդարարելով շեշտում է, որ արդեն սկսել է նաև ինքնիշխան հանրապետության կառավարության կազմման գործընթացի ձևավորմանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:
Բանախոսը նշեց, որ կառավարության կազմի ստեղծման, հաստատման գործընթացից հետո նպատակ ունեն խնդրանքով դիմել ԼՂՀ-ին` ժամանակավորապես իրենց հանձնել ԼՂՀ արևմտյան մասը` Լաչին կենտրոնով, որտեղ էլ իրենք մտադիր են հիմնել ադրբեջանահայերի Աղվանք հանրապետության քաղաքական կենտրոնը:
Ըստ նրա, իրականում, ԼՂՀ հակամարտության հայանպաստ լուծման բանալիները ադրբեջանահայ համայնքի պատմության ու ճակատագրի ճիշտ ներկայացման, մեկնաբանման մեջ է: «Մենք հանդիպել ենք Եվրոպական խորհրդարանի պատվիրակության հետ, խոսել Ղարաբաղյան, հայ-ադրբեջանական հակամարտության պատճառահետևանքային կապերի մասին: Նրանք, բնականաբար, մեզ խոստովանեցին, որ շատ են լսել Ադրբեջանի կողմից տարածվող ստերի մասին, բայց տեղյակ չէին այդ հակամարտության հիմնական տուժած` շահագրգիռ կողմի` ադրբեջանահայության մասին»,-ասաց նա: Այվազյանը նշեց, որ պատվիրակությունը իրենց առաջարկել է ադրբեջանահայության վտարանդի կառավարություն ստեղծելու գաղափարը, որ տուժած ժողովուրդն ինքը միջազգային հանրությանը պատմի ու բացատրի իրականությունը: Իսկ դրա ազդեցությունն ավելի մեծ կլինի, քան իրողությունն ինչ-որ մեկի մեկնաբանմամբ:
Գ. Այվազյանը նշեց` այսպիսի քայլով մի message (հաղորդագրությունում) են հղում, որ այդ տարածքները` լինելով ԼՂՀ-ի անբաժանելի մաս, նաև հանդիսանում են ադրբեջանահայության ժամանակավոր նստավայրը, մինչև կվերականգնեն իրենց իրավունքները: Այլապես, Ադրբեջանը միշտ հոխորտում է, որ կարող է վերսկսել պատերազմական գործողությունները և բարձրացնում է իր ռազմական բյուջեն: Այս դեպքում, ինչպես Այվազյանը նշեց, իրենք չեն բացառում, որ պատերազմի վերսկսման պարագայում հայկական ուժերը նաև կկարողանան ազատագրել հայկական Բաքուն` «թուրքերին շպրտելով դեպի Կասպից ծով»: «Եվ մեր մայրաքաղաքը կվերահաստատվի իր պատմական վայրում` Հայոց Բաքու քաղաքում»:
Իսկ մինչ այդ, ինչպես հանդիպման վերջում նշեց ասամբլեայի նախագահը, բոլորը` ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահները պետք է իմանան, որ «կենսական ճանապարհի վրա գտնվող ադրբեջանահայության կառավարությունը ևս մեկ անգամ պետք է հուշի, որ այդ տարածքները երբեք ու երբեք հանձման ենթական չեն»:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով