Դ. Բաբայան. Ադրբեջանն այսօր դարձել է խանություն
Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին, իսկ ընտրությունները, ինչպես հայտնի է՝ տեղի են ունենալու նոյեմբերի 7-ին: Այս ողջ ընթացքում որոշ արտասահմանյան և ադրբեջանական լրատվամիջոցները շարունակ գրում էին նախընտրական քարոզարշավում և մինչ այդ տեղի ունեցող ապօրինությունների մասին: Իսկ դրան զուգահեռ ադրբեջանական իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ամեն ինչ իր հունով է ընթանում և շարունակում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իրենց «շարքային» հայտարարությունները:
Այս և մի շարք հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ:
«Ադրբեջանում պետական շինարարության, ժողովրդավարության և ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված մի տարօրինակ «մշակույթ» է ձևավորվել: Խնդիրը նրանում է, որ նրանց սահմանադրությունում գրված է, որ Ադրբեջանը ժողովրդավարական պետություն են և ներկայիս իշխանությունները փորձում են իրենց ներկայացնում է որպես այսպիսին: Սակայն իրականություն այն է, որ Արբեջանում ժողովրդավարությունը խախտվում է ինչպես ներքին կյանքում, այնպես էլ հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասաց նա
Ինչ վերաբերվում է Ադրբեջանի ներքին կյանքին, ապա արցախցի պաշտոնյան նշեց, թե բոլորին է հայտնի, որ Ադրբեջանն այսօր դարձել է խանություն, այսինքն՝ այնտեղ Ալիևի ընտանիքը վերածվել է թագավորական արքունիկի և ժողովրդավարություն «խաղալու» ներքո փորձում է ամրապնդել իր իշխանությունն ու լիարժեք տիրանալ երկրի հարստություններին:
«Իսկ ինչ վերաբերվում է ադրբեջաբա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա այստեղ, Ադրբեջանը խոսելով ժողովրդավարության մասին մշտապես խախտում է այդ նույն ժողովրդավարության սկզբունքները. չի ճանաչում Արցախի ինքնորոշման իրավունքն ու այդ ինքնորոշումն իրականացնելու փաստը:
Միաժամանակ խոսելով տարածքային մաբողջականության սկզբունքի մասին՝ ժխտելով ազգերի ինքնորոշման իրավունքը, շատ հետաքրքիր է հատկապես այն փաստը, որ այդ նույնն Ադրբեջանը կապեր է հաստատում, այսպես ասած, չճանաչված պետությունների հետ: Եթե, օրինակ, ուսումնասիրեք Ադրբեջանի տնտեսական հաշվեկշիռը, արտաքին առևտուրը, ապա այնտեղ կարող եք տեսնել Թայվան կազմավորում, որի հետ Ադրբեջանի առևտուրը գերազանցում է Չինաստանի հետ ունեցած առևտրին: Այսինքն՝ նա Թայվանի հետ մտնում է պաշտոնական տնտեսական փոխհարաբերությունների մեջ՝ միաժամանակ ժխտելով Արցախի ինքնորշման փաստը,- նշեց Դ. Բաբայանը:
Նրա խոսքերով՝ այս ամենը հաշվի առնելով մեկ անգամ ևս կարող ենք նշել, որ նրա գործելաոճի, գաղափարախոսության և հռետորաբանության հակասություններն ակնհայտ են:
«Նմանօրինակ փաստերը շատ են և ես կարծում եմ, որ սրանք ոչ միայն մեզ համար են տեսանելի, այլ նաև միջազգային հանրության տեսանկյունից են ընկալվում որպես բացահայտ փաստ»,- ասաց ԼՂՀ նախագահականի ներկայացուցիչը: