Է. Շարմազանով. Ցեղակրոնությունն առողջ ազգային ուսմունք է
«Բոլորովին զարմանալի չէ, որ ժամանակին ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա հռչակած անձնավորությունն այսօր էլ հայկականության գաղափարախոսությունը, այն է՝ ցեղակրոնությունը համեմատում է ռասիզմի հետ»,- անդրադառնալով նախօրեին կայացած հանրահավաքում ՀՀ առաջին նախագահի հնչեցրած այն հայտարարությանը, թե ցեղակրոնությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ «ռասիզմ» բառի հայերեն թարգմանությունը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ ցեղակրոնությունը ռասիզմի հետ համեմատողները կամ գիտությունից կիլոմետրերով հեռու են կամ միտումնավոր կերպով ցեխ են շպրտում ազգային արժեքային համակարգի վրա:
«Ցեղակրոնությունն առողջ ազգային ուսմունք է և պատահական չէ, որ նրա «հայրը» Գարեգին Նժդեհը հստակ ասել է, որ «միայն մարդ կոչվողը կարող է կոչվել հայ», և «Ազգերն ապրում են իրենց՝ ստեղծագործում մարդկության համար», այսինքն՝ ցեղակրոնությունն իր մեջ հումանիստական արժեքային համակարգ է ներառում, այն առողջ ու հանդուրժողական ուսմունք է»,- ընդգծեց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Այնուհետև Է. Շարմազանովը հավելեց. «Ես այստեղ վտանգավոր խաղ եմ տեսնում արդեն ազգային արժեքների դեմ, այսինքն՝ այստեղ խնդիրը ոչ թե կուսակցական պատկանելությունն է, այլ ազգային արժեքային համակարգը, ինչը պարբերաբար կատարվում է ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների կողմից: