Բարաք Օբամա. Հանրաքվեն Հարավային Սուդանում պատմական քայլ է
Հունվարի 9-ին Հարավային Սուդանում մեկնարկած ինքնորոշման հանրաքվեն աֆրիկյան այդ երկրում խաղաղ կարգավորման համաձայնագրի կենսագործման պատմական քայլ է: Նման գնահատական է տվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Նյու Յորք Թայմզ» թերթում այս կիրակի հրապարակած «Սուդանում. ընտրություն և սկիզբ» հոդվածում:
«Պատմական քվեարկությունը երկարաժամկետ ինքնորոշման ստուգարք է ու Սուդանում քաղաքացիական պատերազմին վերջ դրած 2005 թվականի խաղաղ պայմանագրի առանցքային մասը»:
«Ամեն սերնդի պատմության էջ շրջելու ու նոր գլուխ գրելու հնարավորություն չի տրվում: Սակայն այսօր` քաղաքացիական պատերազմի 50 տարիներից հետո, որոնց ընթացքում երկու միլիոն մարդ զոհվեց, իսկ փախստականների թիվն անցավ միլիոնից, Սուդանի հարավային մասի ժողովրդի համար դա հանարվոր է»,- գրում է Բարաք Օբաման և նշում, որ հաջող քվեարկության արդյունքում Աֆրիկան քայլ առաջ կկատարի ժողովրդավարության ու արդարության ճանապարհին:
Նշենք, որ այս շաբաթ Սուդանում մեկնարկած հանրաքվեն, հնարավոր է, հանգեցնի նոր պետության ստեղծման: Տևական քաղաքացիական պատերազմից հետո հարավսուդանցի քրիստոնյաները հնարավորություն ունեն քվեարկության միջոցով վճռել իրենց հետագա ճակատագիրը` մնալ Սուդանի կազմում կամ ստեղծել սեփական անկախ պետությունը: