Նաիրա Զոհրաբյանը ցավում է, որ Համմարբերգի հայտարարությունը հիասթափեցրել է արմատական ընդդիմությանը
Եվրոպայիի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հայտարարությանը, թե ԵԽԽՎ-ն Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառելու, սպասել ի էր: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Ես կզարմանայի, եթե Համմարբերգը հակառակ հայտարարությամբ հանդես գար», -հավելեց պատգամավորը:
Մատնանշելով Հայաստանին վերաբերող ԵԽԽՎ նախորդ բոլոր բանաձևերը և դրանցում արտահայտած առաջարկություններն ու մտահոգությունները` Զոհրաբյանն ասաց, որ երկրի իշխանություններն աստիճանաբար լուծում են տալիս դրանց:
«Ասել, որ դրանցում ձևակերպված մտահոգությունները մենք լուծել ենք, անկեղծ և ազնիվ չի լինի: Բայց որ բազմաթիվ հարցեր լուծման ընթացքի մեջ են և բազմաթիվ հարցերի հետ կապված մտահոգություններ արդեն իսկ կարելի է փարատված համարել, դա փաստ է», -հավելեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամը:
Նրա խոսքով, արդեն իսկ բարեփոխումներն զգալի են. փոփոխվել են «Երթերի, ցույցերի, հանրահավաքների մասին» օրենքը, «Ընտրական օրենսգիրքն» է լրամշակվում, Մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը լրամշակելու համար:
«Խնդիրները լուծվում են: Գուցե տեմպը չի բավարարում թե մեզ և թե ԵԽ մեր գործընկերներին, բայց դա, ինչպես իրավացիորեն նշել է Համմարբերգը, բացարձակապես պատճառ չէ, որ մեր պատվիրակության և Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն: Ցավում եմ, որ իր այդ հայտարարությամբ Համարբերգը հիասթափեցրեց արմատական ընդդիմությանը, սակայն դա է իրականությունը և առնվազն տարակուսելի կլիներ, որ Համմարբերգը հակառակ հայտարարությամբ հանդես գար», -հավելեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան