ԳԹԿ պաշտոնյաները վստահեցնում են. 9-րդ դասարանի թեստերի արտահոսք այս տարի չի լինի
Հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանների քննական թեստերն արդեն տպագրվել են, փաթեթավորվել և գտնվում են Գիտելիքների թեստավորման կենտրոնի տպարանում:
Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԳԹԿ մամուլի հետ կապերի ծառայության ղեկավար Գայանե Մանուկյանը:
«Բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում առ այն, որ որևէ ավելորդ մեկը մուտք չգործի տպարան, իսկ եթե մուտք են գործում տպարան, ապա նրանք պետք է լինեն առանց բջջային հեռախոսների ու այլ իրերի և անգամ որևէ թուղթ տպարանից դուրս չի գալիս», -հավելեց Գայանե Մանուկյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի մեծ աղմուկ էր բարձրացել, երբ հանրակրթական դպրոցներում 9-րդ դասարանի մի քանի առարկաներից ավարտական և փոխադրման քննությունների թեստերի արտահոսք տեղի ունեցավ: Արտահոսքի դեպքերը համատարած բնույթ էր կրել և թեստերի օրինակները տարածվել էին տարբեր դպրոցներում են տարածվել:
Գայանե Մանուկյանի խոսքով, ԳԹԿ տպարանում իրականացվող բոլոր գործողությունները` սկսած տպագրումից, ավարտված փաթեթավորմամբ, տեսաձայնագրվող սարքերի հսկողության ներքո են իրականացվում: «Առաջ գուցե տպագրվելու գործընթացն էր ձայնագրվում, բայց հիմա նույնիսկ փաթեթավորումն էլ է տեսագրվում: Այսինքն, որևէ բան դուրս չի մնում տեսախցիկների տեսադաշտից», -վստահեցրեց նա` նկատելով, որ նախորդ տարի այդ երևույթը քննադատող նույն հասարակությունն էլ այժմ բարոյական ճնշում է գործադրում ԳԹԿ-ի վրա` ձեռք բերելու իններորդ դասարանի քննական թեստերը:
Հանրակրթական դպրոցների իններորդ դասարաններում քննությունները մեկնարկելու են հունիս 3-ից և ավարտվելու են հայկական դպրոցներում` հունիսի 16-ին, իսկ ռուսական դպրոցներում` հունիսի 20-ին, երբ աշակերտները կհանձեն քննություն ռուսաց լեզու առարկայից: Քննություններն սկսվելու են առավոտյան ժամը 11:00-ին և 9:30-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում այդ թեստերը դեռևս պետք է փաթեթավորված մնան:
ԳԹԿ մամուլի խոսնակի ներկայացմամբ, ԳԹԿ ներկայացուցիչները պատահական ընտրությամբ, այցելելու են դպրոցներ` ստուգելու թեստերի ծրարները փա՞կ են, թե՞ ոչ:
Նշենք, որ օրերս ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որում նշել էր, որ այցելել է Գիտելիքների գնահատման ու թեստավորման կենտրոն ու համոզվե, որ թեստերի գաղտնիությունն ապահովելու համար այնտեղ արվածը բավարար է: «Սակայն իրենցից դեռևս վտանգ են ներկայացնում այն «վայ» ուսուցիչները, տնօրեններն ու պաշտոնյաները, ովքեր տարբեր ձևերով շարունակում են փորձել ձեռք բերել քննական թեստերը», -հավելել էր պատգամավորը: