Արաքս Փաշայան: Սիրիահայ համայնքը աջակցում է Բաշար ալ Ասադին
«Սիրիահայ համայնքը աջակցում է Բաշար ալ Ասադի վարչակարգին»,-անդրադառնալով սիրիահայ համայնքի վրա Սիրիայում քաղաքական անկայունության ազդեցության խնդրին, այսօր ասաց «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Արաքս Փաշայանը:
Բանախոսի հավաստմամբ, համայնքի այս շեշտադրված դիրքորոշման հիմնական պատճառն այն է, որ հայերը Սիրիայում գործող վարչակարգի կառավարման պայմաններում իրենց պաշտպանված և ապահով են զգում:
Արաքս Փաշայանի կարծիքով, սիրիահայ համայնքը ներկայիս վարչակարգի պահպանման մեջ է տեսնում երկրում հետագա գոյատևման գխավոր երաշխիքը: «Սիրիահայ համայնքը Սփյուռքի ամենակայացած համայնքներին է: Հայերը Սիրիայում ազգային գործունեություն ծավալելու լայն հնարավորություններ ունեն: Հայ համայնքը այն սակավաթիվ ազգային փոքրամասնություններից է, որ ունի մայրենի լեզվով ուսանելու հնարավորություն: Սիրիայում գործում է շուրջ 30 հայ առաքելական եկեղեցի»,- նշեց Արաքս Փաշայանը:
Փորձագետը շեշտեց, որ երկրում առկա զարգացումները, բնականաբար, առաջացնում են երկրում հայության մտահոգությունը: «Բավականին լուրջ մտահոգություններ են հնչում, որ հնարավոր իշխանափոխության դեպքում Սիրիահայ համայնքի համար կարող են ի հայտ գալ որոշակի մարտահրավերներ»,- նշեց փորձագետը, միևնույն ժամանակ հավելելով, որ ներկա դրությամբ համայնքի անվտանգությանը ոչինչ չի սպառնում:
Հիշեցնենք, Սիրիայի տարբեր շրջաններում արդեն տևական ժամանակ անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են երկրի նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին